Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Դավիթ Սեդրակյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Դավիթ Սեդրակյանը կարծում է, որ իրենց խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխխոսնակ ընտրելու հարցում իշխող կուսակցությունը թերագնահատել էր ընդդիմադիրներին։ Սեդրակյանը նման կարծիք հայտնեց ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում։

Դավիթ Սեդրակյանը` նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդին, ներկա չէր ԱԺ նիստերին, և իշխանությունն ընդդիմությանն ասում էր, որ նրա քվեն է պակասում Սաղաթելյանին ընտրվելու համար։

Նա նշեց, որ ինքը գտնվում էր արտերկրում, և իրենց կուսակացության ղեկավարը տեղյակ էր այդ մասին։ Իրենք ռազմավարություն ունեն, և գիտեն՝ ով, որտեղ և ինչ գործողությունների մեջ պետք է ակտիվ լինի։

Անդրադառնալով Թոխմախի լճի՝ ապօրինի սեփականաշնորհման գործի վերաբերյալ հարցին, որում մեղադրվում է իր հայրը՝  ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը (մականունը՝ Թոխմախի Մհեր), հայտնեց, որ ինքն այդ գործով չի անցնում։ Իր հորը շատ գործերով մեղադրանքներ են առաջադրվել, որոնց մի մասը գտնվում է արդեն դատարաններում,  մի մասը՝ քննական փուլում․  «Գործը դեռ կա, դատարանում է։ Սպասենք արդյունքներին։ Մի քանի տարուց վճիռը կլինի և բոլորին պարզ կլինի։ Պատասխանները դատարանից կամ քննչական մարմնից կստանաք։ Կլինի դատական վճիռ, կխոսենք»։

Ինչ վերաբերում է լրագրողների հետ իր հոր՝ նախկինում ունեցած աղմկահարույց միջադեպերին, դրանք վերագրեց հոր տարիքին՝ նշելով․ «Խոսքն այդ տարիքի, տարիքով մարդկանց մասին է։ Հիմա կասեք` բա ինչո՞ւ էր այդ տարիքի մարդը եկել ԱԺ, կարող է` արդարացի լինի ձեր ասածը։ Լրագրողների հետ հայրս 2 դեպք է ունեցել, ու օրեր անց երկու պարագայում էլ նրանց հարաբերությունները հարթվել են»,–ասաց Դավիթ Սեդրակյանը` հավելելով, որ ինքն անձամբ շատ լավ է վերաբերվում լրագրողներին։