Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Կադրային քաղաքականությունը գնում է դեպի մինուս. Արամ Սարգսյանը՝ Արմեն Գրիգորյանին ԱԳՆ տանելու մասին (տեսանյութ)

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի կարծիքով՝ ճանապարհները բացելը, թվում է, լավ է, սակայն այդ ճանապարհները բացվելու են ոչ թե մեր, այլ թուրքերի և ադրբեջանցիների առջև։ Նրանք իրականացնելու են այն գլոբալ ծրագիրը, որ ունեն։

«Այլևս պետք չի լինելու զանգեզուրյան միջանցք, ոչինչ պետք չի լինելու պատերազմով վերցնել, շատ ավելի հեշտ է լինելու այդ ճանապարհներն օգտագործել ու իրականացնել ծրագիրը, առավել ևս, որ մենք դիմադրություն ցույց չենք տալիս», - ասաց Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այդ ծրագիրը մշակված է, հաշվի են առնված մեր ազգային այսօրվա առանձնահատկությունները, ժողովրդի այսօրվա վիճակը․ «Շատ լավ հասկացել են, թե ինչպես կարելի է այսօր հայերին խաբել, հեռացնել երկրից՝ առանց պատերազմի։

Բոլոր այն լկտի գործողությունները, որ իրականացնում է ադրբեջանական կողմը, ոչ մի արձագանք չի ստանում։ Ալիևը կարող է քթից բռնած իշխանությանը տանել այս կողմ, տանել այն կողմ, որովհետև գիտի՝ ում հետ գործ ունի»։

Արամ Սարգսյանի խոսքով՝ քանի որ Ռուսաստանի զորքերն այստեղ են, Ադրբեջանը չի գնալու պատերազմի, նրանք մաշեցնելու են Հայաստանն այնքան, մինչև առանց որևէ կրակոցի մտնեն ու գրավեն Երևանը․ «Մենք պառակտված ենք, չունենք ազգային գաղափարախոսության վրա հիմնված ծրագիր, չունենք կոալիցիոն պետությունների միավորում, որտեղ մեզ ապահովագրված կզգանք և չունենք որևէ լուրջ բարեկամ»։

Խոսելով Ազգային անվտանգության խորհրդի նախկին նախագահ Արմեն Գրիգորյանի՝ ԱԳ նախարարի առաջին տեղակալ նշանակվելու մասին, նա նշեց, որ կադրային քաղաքականությունը ինչպես եղել է զրո, այնպես էլ այսօր գնում է դեպի զրո․ «Կադրերի հարցում մի սկզբունք կա՝ եթե ծառայելու է իրեն՝ այդ անձին, հավատարիմ է լինելու, բոլոր հրամանները կատարելու է, ուրեմն այդ անձը կունենա պաշտոն»։