Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Դավիթ Հարությունյանի գործով բացարկ հայտնեցին ԲԴԽ անդամին (տեսանյութ)

Բարձրագույն դատական խորհրդի նիստում շարունակվեց լիազորությունները դադարեցված Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի գործով նիստը:

Նիստի հենց սկզբում դատավորի փաստաբան Զորայր Հարությունյանը ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց: Որպես հիմնավորում նշվեց այն, որ նախորդ նիստին Երանուհի Թումանյանցն ինքն է խոստովանել, որ իր մասնակցությունն անհնար է քննարկող հարցին:

Բացի այդ փաստաբանը ուշադրություն հրավիրեց տեսանյութի վրա, որով Երանուհի Թումանյանցի մասնակցությամբ տարածվել է Դավիթ Հարությունյանին արատավորող տեղեկություններ: Իսկ Դավիթ Հարությունյանն էլ հավելեց, որ իր ուղարկած հարցերը Երանուհի Թումանյանցը չի ուղարկել այն ժամանակ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին:

Բարձրագույն դատական խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի հունվարի 29-ին՝ ժամը 10։30-ին։

Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները 2023 թ. ԲԴԽ-ն դադարեցրել էր: Հիմք էր հանդիսացել լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցը: Իսկ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ԲԴԽ-ն քննել էր դռնփակ ռեժիմով, այնուհետեւ նիստերի դահլիճից հեռացրել էր դատավորին, միեւնույն ժամանակ փաստաբաններին եւս չէր թույլատրվել մասնակցել նիստին:

Դատավորը իր խախտված իրավունքները վերականգնելու համար դիմել էր ՄԻԵԴ, որտեղ նրա գանգատը քննվել էր առաջնահերթության կարգով: