Կարծես Հայաստանում «սխոտկա» է կազմակերպվել․ Լևոն Շիրինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքը քարոզարշավի 5-րդ օրվա ընթացքում հանդիպեց Արտաշատի իրենց համակիրների հետ։ Դաշինքի պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանը ելույթում ասաց, որ Հայաստանի Հանրապետության ապագայի համար այս ընտրությունները ճակատագրական են․
«Այս ընտրությունները կարևոր են, որովհետև այս մեծ փորձությունից հետո կրկին ընտրություն պետք է կատարվի և դա սոսկ խորհրդարանի կամ նրա 100 և ավելի պատգամավորի ընտրություն չէ, դա միայն պրոֆեսիոնալ կադրերի ընտրություն չէ, դա Հայաստանի ապագայի տեսլականի ընտրություն է»։
Նրա խոսքով՝ նախկին ղեկավարներից մեկը իբրև թե մեծ առաջընթաց է արձանագրել, ասում է՝ գալիս եմ քաղաքը շինհրապարակ դարձնելու, դեռևս չհասկանալով, որ այն շինհրապարակը, որ բացեցին Հայաստանի գլխին, դեռևս չենք կարողանում փակել․ «Եվ այդ շինհրապարակը միայն շենքերը չեն, որտեղ բնակարանների մեծ մասը պատկանում է սեփական ընտանիքներին կամ սեփական կլանի անդամներին։ Հայաստանն, ունենալով աշխարհում եզակի մտավոր պոտենցիալներից մեկը, ունենալով արդարություն, աշխատասիրություն ունեցող մարդ, չի կարող անաշխատանք թողնել սեփական քաղաքացուն»։
«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքն առաջարկում է, նրա խոսքով, ունենալ սպառազինված բանակ, անվտանգության բարեփոխված համակարգ, պատերազմի բոլոր տեսակի ռիսկերի մասին ավելի վաղօրոք հետախուզություն․ «Մենք իրավունք չունենք 21-րդ դարի այս լավագույն պայմանների դեպքում պատերազմի մասին իմանալ նույն օրը, աղետի մասին իմանալ հաջորդ պահին։ Մենք բերելու ենք բարեփոխված բանակ, կատարելապես արդիականացված սահման, որն անառիկ է, որը պահող զինվորը պրոֆեսիոնալ է»։
Դաշինքի թեկնածու Լևոն Շիրինյանը նշեց՝ իրենք կարգախոսն է «Ընդդեմ գողապետության, հանուն հանրապետության», այնպիսի հանրապետության, որ կապահովի հայ ժողովրդի թռիչքը, նրա զարգացումը․ «Սա այնպիսի իշխանություն է, որ Հայաստանը տանում է կործանման։ Այսօր կարծես Հայաստանում «սխոտկա» է կազմակերպվել, որքան հանցագործության մեջ մեղադրվողներ կան, վերադարձել են Հայաստան ու իրենց հայտն են ներկայացրել՝ իշխանություն դառնալու համար»։