Հայտնի ուժերը արտահերթ ընտրություններում ջախջախվելու են պարզապես․ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔարոզարշավի երկրորդ օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր քարոզչությունը շարունակում է Օշականում։ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թեև միայն մեկ օր է՝ սկսվել է քարոզարշավը, շատ բան արդեն պարզ է և հստակ․ «Ձեզ հայտնի ուժերի համար պարզ է, որ նրանք հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններում ջախջախվելու են պարզապես»։
Նրա խոսքով՝ շատ է խոսվում, որ իրենք վերջին երեք տարիներին եղել են որոշակիորեն թավշյա և եղել են, որովհետև ՀՀ քաղաքացիներից ստացել են թավշյա մանդատը․ «Բայց մենք հույս ունենք, որ հունիսի 20-ին ՀՀ քաղաքացիները մեզ տված թավշյա մանդատը կփոխարինեն պողպատե մանդատով»։
Շատ քարոզարշավների և հանրահավաքների, Փաշինյանի խոսքով, մարդկանց տանում են հարկադրաբար։ Նա նշեց, որ ընտրություններից հետո, երբ ժողովուրդն իր խոսքը կասի, բոլոր մասնավոր և պետական հիմնարկի ղեկավարները, տնօրեններն ու այն անձինք, որ ապօրինի քարոզչության կամ հարկադրանքի որևէ միջոց են ձեռնարկել, ուղղակի չեն աշխատելու․ «Այնտեղ, որտեղ իրավական լծակները չեն գործի, կգործեն քաղաքական լծակները։ Քաղաքական լծակներ, այսինքն՝ այդ անձանց կհեռացնեն քաղաքացիները»։
Նրա խոսքով՝ այժմ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, բայց դրանք պետք է լուծել՝ կոնսոլիդացնելով հանրային ուժերը․ «Դա անելու համար առաջին հերթին պետք է Հայաստանից արմատախիլ անել քաղաքական բայղուշության ինստիտուտը։ Շատերը հասկանալով, որ ընտրություններով չեն կարողանալու ժողովրդի վստահության քվեն ստանալ, արդեն իսկ խոսում են ինչ-որ քաղաքացիական պատերազմների և բախումների մասին։
ՀՀ-ում չի՛ լինելու քաղաքացիական պատերազմ, ՀՀ-ում չե՛ն լինելու քաղաքացիական բախումներ»։
Փաշինյանը շեշտեց, որ հունիսի 20-ին քաղաքացիները քվեարկելով իրենց, կքվեարկեն ոչ թե «Քաղաքացիական պայմանագրի», այլ հենց ժողովրդի օգտին։