Հայաստան – Պորտուգալիա` 0:3
Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը ավարտեց ելույթները աշխարհի 2011 թ առաջնության ընտրական մրցաշարում:
Վերջին` 8-րդ տուրում, մեր ֆուտբոլիստուհիները Երեւանի «Միկա» մարզադաշտում հյուրընկալեց Պորտուգալիայի ազգային թիմին: Խաղն ավարտվեց ավելի փորձառու հյուրերի հաղթանակով` 3:0: Այդպիսով, Հայաստանի հավաքականը աշխարհի 2011 թ առաջնության ընտրական մրցաշարում անցկացրած բոլոր 8 խաղերում էլ պարտվեց եւ զբաղեցրեց վերջին` 5-րդ տեղը:
Հանդիպման ավարտից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վաղարշակ Ասլանյանն ասաց, որ չնայած պարտությանը, գոհ է իր սաների ելույթից. «Նախորդ հանդիպման համեմատ մենք այսօր ավելի լավ խաղացինք: Ցավոք, հուլիս-օգոստոս ամիսներին ֆուտբոլիստուհիները արձակուրդի մեջ էին, ուստի խաղային փորձի պակաս ունեին: Համենայնդեպս, թիմի խաղում առաջընթաց նկատվում է եւ մեր կանանց ֆուտբոլը լավ ապագա ունի»:
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մոնիկա Ժորժեն ասուլիսին նշեց, որ իր սաները լավ մարզավիճակում չէին, քանի որ այժմ երկրի առաջնությունում ընդմիջում է: «Այսօր Հայաստանի հավաքականն ավելի կազմակերպված խաղ ցուցադրեց, բացի այդ բավական մեծ ուժերով էր պաշտպանվում: Դա էր պատճառը, որ մեզ չհաջողվեց ավելի շատ վտանգավոր պահեր ստեղծել եւ գոլեր խփել»,-ասաց նա: