ՀՖՖ-ն դադարեցրեց տոմսերի վաճառքը
Սեպտեմբերի 3-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ԵՎՐՈ-2012-ի Հայաստան - Իռլանդիա ընտրական հանդիպման տոմսերի վաճառքը դադարեցվել է: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքէջը:
Տոմսերի վաճառքը կվերսկսվի օգոստոսի 28-ից` գնային փոփոխություններ կատարելու պատճառով: Առաջիկայում ֆուտբոլասերները արևմտյան տրիբունայի տոմեսերը կարող են ձեռք բերել 6000 դրամով, նախկին 8000-ի դիմաց: Արևելյան տրիբունայից խաղը դիտելու համար հարկ կլինի վճարել ոչ թե 6000, այլ 4000 դրամ, իսկ հարավային եւ հյուսիսային տրիբունաների տոմսերն արժեն 2000-ական դրամ:
Ի դեպ, համեմատության համար նշենք, որ երեւանյան խաղից 4 օր անց կայանալիք Իռլանդիա - Անդորա խաղի տոմսերը ավելի թանկ են` 50-70 եվրո: Սակայն Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան առանձին տպագրել է տոմսեր ընտանիքների (4 անձը` 80 եվրո) եւ երեխաների (մեկ տոմսը` 10 եվրո) համար: