«Փյունիկի» նախկին մրցակիցը հաղթեց
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլի առաջին հինգ խաղերից հետո կորուստներ կրեցին նաեւ Եվրոպայի առաջատար ֆուտբոլային երկրներից Իտալիան ու Իսպանիան:
Ճենովայի «Սամպդորիան» պատասխան խաղում չնայած 3:2 հաշվով հաղթեց Գերմանիայի «Վերդերին», սակայն երկու խաղերի արդյունքներով (5:6) դուրս մնաց պայքարից: Հարկ է նշել, որ հյուրերը փրկարար երկրորդ գոլը խփեցին լրացուցիչ ժամանակում, 100-րդ րոպեին:
Իսկ ահա Իսպանիայի «Սեւիլիան» սեփական հարկի տակ պարտվեց մրցաշարի նորեկ, պորտուգալական «Բրագային»` 3:4: Հիշեցնենք, որ թիմերի առաջին խաղն նույնպես ավարտվել էր պորտուգալացիների հաղթանակով` 1:0:
Լրացուցիչ ժամանակ պահանջվեց նաեւ «Անդերլեխթ» - «Պարտիզան» մրցավեճում: Թիմերի երկրորդ խաղում կրկին գրանցվեց ոչ-ոքի արդյունք` 2:2: Լրացուցիչ 30 րոպեներին հաշիվն անփոփոխ մնաց, եւ հաղթողին որոշելու համար նշանակվեց 11 մ հարվածաշար: Այդ մրցավեճում մարզական բախտը ժպտաց «Պարտիզանի» ֆուտբոլիստներին` 3:2: Այդպիսով, Երեւանի «Փյունիկի» նախկին մրցակիցը հաղթահարելով որակավորման բոլոր արգելքները, մտավ խմբային փուլ:
Պայքարից դուրս մնաց նաեւ ուրուգվահայ հարձակվող Խոակին Բոգոսյանի թիմը` Ավստրիայի «Ռեդ Բուլը», որը պատասխան խաղում չկարողացավ ռեւանշի հասնել Թել Ավիվի «Հապոելի» նկատմամբ` 1:1 (առաջին խաղը` 2:3):
Չեմպիոնների լիգայում կշարունակի ելույթները նաեւ Շվեյցարիայի «Բազելը», որը հյուրընկալվելիս հեշտությամբ հաղթեց Մոլդովայի չեմպիոն «Շերիֆին»` 3:0:
Այսօր տեղի կունենան աայս փուլի մնացած 5 հանդիպումները:
«Տոտենհեմ» (Անգլիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)` առաջին խաղը 2:3
«Այաքս» (Հոլանդիա) - «Դինամո» (Կիեւ, Ուկրաինա)` 1:1
«Օսեր» (Ֆրանսիա) - «Զենիթ» (Ռուսաստան)` 0:1
«Ժիլինա» (Սլովակիա) - «Սպարտա» (Չեխիա)` 2:0
«Կոպենհագեն» (Դանիա) - «Ռուսենբորգ» (Նորվեգիա)` 1:2
Բոլոր խաղերը կսկսվեն Երեւանի ժամանակով 23:45-ին: