Բացել լրահոսը Փակել լրահոսը
ընտրություններ
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ընտրական նոր օրենսգիրքը կընդունե՞ն առանց ընդդիմության աջակցության (տեսանյութ)

«Ընտրական  նոր օրենսգիրքը պետք է ընդունվի, եթե անգամ չունենանք ընդդիմադիր երկու խմբակցությունների աջակցությունը»․- այս մասին «Արտահերթ ընտրություններ․ նոր ընտրական օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը» թեմայով կազմակերպված քննարկման ժամանաց ասաց  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանը։

Դանիելյանի կարծիքով՝ ցանկացած երկրում, ցանկացած պարագայում, ընտրություններից առաջ խաղի կանոնների փոխելը, եթե անգամ դրանք էապես բարելավվում են, առանց ընդդիմադիր շրջանի աջակցության կարող է մեկնաբանվել որպես իշխանության կողմից քայլ՝ միտված հնարավորությունները ավելացնելու։

« Ես դեռ լիահույս եմ, որ երբ հասնենք բովանդակային քննարկումների, կոնսենսուսը ապահովելու հնարավորություն կլինի, գոնե՝ մասնակի։Իսկ եթե ընդդիմադիր կուսակցությունները որոշեն դեմ քվեարկել, կարծում եմ երկու կողմերն էլ անհարմար վիճակում կհայտվեն այն պատճառով, որ ցանկացած փաստարկ, որ բերվում է այդ փաստաթղթի հետ կապված, 2018-ի աշնանը երկու կողմերի ներկայացուցիչներն էլ կողմ են եղել»,- ասաց նա։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանն էլ նկատում է, որ  գործող ԸՕ-ով ընտրված իշխանությունը շատ արագ կորցնելու է իր լեգիտիմությունը․ «Եթե մենք ուզում ենք մեր պետությունը զերբազատել կոռուպցիայից ընդհանրապես, պետք է վերացնենք քաղաքական կոռուպցիան։    Եթե ՀՀ ԱԺ-ն չի կատարում այդ փոփոխությունը, սա նշանակում է ընդամենը մեկ բան, որ երկրի ԱԺ-ն որոշում է կայացնում պահպանելու կոռուպցիոն համակարգը երկրում»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ կստեղծվեն նախադրյալներ մի նոր ճգնաժամի համար․ «Եթե խորհրդարանական քաղաքական ուժերը գնան այդ ճանապարհով, իսկ նրանք ասում են, որ գլխավոր խնդիրն այս պահին ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարումն է, ապա մեր համոզմամբ ոչ միայն չի հաղթահարվի այս ճգնաժամը, այլ կստեղծվեն նախադրյալներ մի նոր ճգնաժամի համար»։

ԱԺ Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի խորհրդատու Վարդինե Գրիգորյանն ընդգծում է, որ սա փոփոխությունների նախագիծ է, այլ ոչ թե նոր օրենսգիրք։

«Սա փաստացի 5 տարվա  նկատված տարբեր խնդիրիների լուծմանը միտված նախագիծ է»,- ասաց նա։

«Այս փոփոխությունների չընդունումը որևէ պատճառաբանությամբ, որևէ քաղաքական նկատառումներից ելնելով չի կարող արդարացվել, որովհետև դա եղել է հեղափոխության օրակարգը, դա եղել է քաղաքացիների պահանջը»,- ասում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը։

Ըստ Այվազյանի՝ այն համակարգը, որը որ մենք այսօր ունենք մեր ընտրական օրենսգրքով ծնված է կոռուպցիայից և ծնում է նոր կոռուպցիա․ «Մենք շատ կարևում ենք  այս օրենսգրքի փոփոխությունները, որոնք որ պետք է գոնե սասանեն այդ համակարգը մեծ չափով։ Պետք է վերացվեն կոռուպցիոն համակարգի հիմքերը՝ մասնակիորեն։ Սա կարծում եմ ՀՀ-ի համար ճակատագրական քաղաքական որոշում պետք է լինի»,- ասաց նա։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։