Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սերժ Սարգսյան
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  քիչ առաջ մեկնարկեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը։  Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ իր համակիրների առաջ, որոնք հավաքվել էին դատարանի բակում։

«Անցյալ տարի այստեղ ես ասացի, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ոմանք փորձեցին հեգնել, որ մենք խոսում էինք ազգային խնդիրների մասին։ Բայց մենք զգում էինք, տեսնում էինք, կանխատեսում էինք, թե ինչի համար են այս հետապնդումները, ապօրինությունները», - ասաց Սերժ Սարգսյանը։

Նրա բառերով՝ հետապնդումները 2018թ․-ից Հայաստանում մեկնարկած հակաղարաբաղյան գործողությունների շղթայի մի մասն էին, որոնց նպատակն էր վարկաբեկել արցախյան պայքարի ակունքներում կանգնած մարդկանց․

«Մենք շարունակելու ենք մեր պայքարը և հիմա ուզում եմ մեկ անգամ էլ շեշտել հետևյալը՝ մեր ուղերձները, մեր զգուշացումները հանրային լայն արձագանք չունեցան, պահանջվեց մի ամբողջ արյունալի պատերազմ՝ հսկայական զոհերով և հայրենազրկմամբ, որ մեր ժողովրդի աչքերը բացվեին, որ մարդիկ հասկանային այս իշխանությունների մտադրություններն ու էությունը», - ասաց Սերժ Սարգսյանը։

Նա նշեց՝ ուզում է ուղերձ հղել հանուն վերջին 33 տարիների Հայաստանի ինքնիշխանության համար զոհված հերոսների, հանուն թափված արյան, հանուն հայրենիքի արցախյան հատվածի և Հայաստանի ապագայի․

«Բոլոր նրանք, որ համարում են՝ Արցախի կարգավիճակը լուծված է, նրանք թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս պետք է հասկանան, որ Արցախը, ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում։ Ցավոք սրտի, հնարավոր չէր ողբերգությունը կանխել, բայց ես տեսնում եմ այդ ողբերգությունից հառնելու ճանապարհը։ Կապիտուլյանտները պետք է հեռանան», - ասաց նա։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն, որ օր առաջ պետք է լծվի Հայաստանի անվտանգության և մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակների բարձրացման գործին․ այլ ճանապարհ և այլընտրանք չկա․

«Այս երեք տարիների ընթացքում մենք նաև կուսակցական կորուստներ ունեցանք, բայց նաև կոփվեցինք, մեր շարքերը բյուրեղացան, և մենք այսօր ևս ունենք պրոֆեսիոնալ և մրցունակ թիմ և պայքարելու ենք մեր ազգային և ուժեղ պետության համար։ Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ։ Ես ապացուցել եմ, որ կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, կարող եմ հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որ պաշտպանում է հայկական պետականությունը», - ասաց Սերժ Սարգսյանը։

Ըստ նրա՝ Հանրապետականի ձայնը եղել է հնչեղ և այդպես էլ մնալու է, իրենց գործողություններն էլ լինելու են հստակ, հաշվարկված, համակարգված, նպատակաուղղված և ազնիվ։

Սերժ Սարգսյանն իր աջակիցներին կոչ արել չմնալ դատարանի առջև մինչև դատական նիստի ավարտը և գնալ սեփական գործերին։

Հիշեցնենք, որ նախկին նախագահը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ։

Գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից համարվող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։ Սերգո Կարապետյանը մահացել է։