Բացել լրահոսը Փակել լրահոսը
9b084b
A A
Հարցազրույց Քաղաքականություն

«Դե ֆակտո ռուսական երկրորդ ռազմաբազա այսօր կա, Սյունիքում է»․ ռազմական փորձագետ

Ռուսական ուժերն այսօր Սյունիքում են, և դե ֆակտո երկրորդ ռազմաբազա այսօր կա, գտնվում է Սյունիքում։ «Ա1+»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի ria․ru-ին հարցազրույցին, որում նշել է՝ չի տեսնում երկրում երկրորդ ռուսական ռազմաբազայի տեղակայման անհրաժեշտություն։

«Ավելին ասեմ՝ ոչ թե երկու ռազմաբազա կա, այլ երեք, երրորդն էլ Արցախում է գտնվում, այնպես որ իրականությունն այլ է, այսօր իրականության մեջ նույնիսկ Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսանում են հենց ռուսական զինված ուժերը։ Մյուս կողմից հենց Սյունիքում պատերազմի օրերին  այդպես էր՝ որտեղ ռուսական դրոշն էր բարձրացված, այդ տարածքների վրա թուրք-ադրբեջանական զինված խմբավորումները հարձակում չէին գործում, այսինքն՝ ներկայացվածությունը Սյունիքում հենց պատերազմի օրերից սկսվել է, այսինքն՝ ռազմաբազա ասենք, թե ռազմակայան ասենք, փաստը մնում է փաստ, որ Ռուսաստանի զինված ուժերը գտնվում են Սյունիքում»։

Ինչ վերաբերում է Հարությունյանի մյուս հայտարարությանը, թե ավելի ճիշտ է, թերևս, խոսել ռուսական ռազմաբազայի կազմից որևէ ռազմական կազմավորում վերաբաշխելու հնարավորության մասին Հայաստանի արևելյան ուղղությամբ, և այդ համատեքստում հարցի համապատասխան համատեղ մշակում ընթանում է՝ Հովհաննիսյանն ասում է․

«Տարածաշրջանում խաղացող ուժերի վերադասավորում է տեղի ունենում, և այդ ֆոնին այսօր նաև Ռուսաստանը փորձում է հակընդդեմ ուժեր տեղակայել Հայաստանի արևելքում, քանի որ նույն տարածաշրջանում Թուրքիան և Իսրայելը նպատակ ունեն ռազմական ներկայացվածություն ունենալ։ Այստեղ ոչ այնքան  Հայաստանին վերաբերող է հարցը, այլ շատ ավելի մասշտաբային է և վերաբերում է տարածաշրջանում խաղացող երկրներին»։ 

Ռազմական փորձագետի պնդմամբ՝ նոր իրողություններով պայմանավորված՝ հայտնվել ենք մի այնպիսի ժամանակաշրջանում, որ իսկապես մեզ այսօր անհրաժեշտ է  գոնե տարածաշրջանում ունենալ ուժեղ դաշնակից․

«Թուրք-ադրբեջանական տանդեմը  ռազմական ներկայացվածություն է ունենում ՀՀ թե՛ արևմտյան, թե՛ արևելյան սահմանին, և Թուրքիայի թե՛ Հայաստանին սահմանակից հատվածում, թե՛ Ադրբեջանի  և Հայաստանի Հանարպետության սահմանակից հատվածում, այսինքն՝ հակակշիռ ուժերի ներկայացավածությունը ես կարևորում եմ, սակայն համամիտ չեմ լինի այն մոտեցմանը, որ դա լինի միայն  ռուսական ուժերի ներկայացվածությամբ, այլ լինի ռուս-հայկական ներկայացվածությամբ»,-ընդգծեց Հովհաննիսյանը։