Ինչո՞ւ իշխանական պատգամավորները չէին միացել Էդմոն Մարուքյանի ակցիային ԵԽԽՎ-ում․ պատվիրակությունն ամփոփեց այցի արդյունքները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունն այսօր հրավիրված ասուլիսում ամփոփեց Ստրասբուրգ այցի արդյունքները։ Ստրասբուրգ մեկնել էին պատվիրակության բոլոր անդամները՝ բացի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանից և Միքայել Մելքումյանից։ Նրանք նիստին մասնակցել են առցանց։
Պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ընդգծեց՝ ի սկզբանե իրենց համար պարզ էր, որ ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնիի թեման եվրոպացի պատվիրակաների համար առաջնահերթություն էր, ուստի քիչ հավանական էր, որ ռազմագերիների թեման կընդգրկվի ընթացիկ քննարկման թեմաների մեջ․
«Ռազմագերիների հարցը քննարկվել է և՛ բյուրոյում, և՛ քաղաքական խմբերում, արդյունքում երկու քաղաքակական խմբերի ղեկավարներ ԵԽ քարտուղարին հարց են ուղղել հայ ռազմագերիների հետ կապված, հետագայում նաև թվիթերյան հայտարարություններ են արել՝ պնդելով, որ հայ ռազմագերիները պետք է անմիջապես վերադարձվեն: Հայկական պատվիրակությունը նպատակ էր դրել ռազմագերիների հարցը ԵԽԽՎ-ում բոլոր հնարավոր մակարդակներում դարձնել քննարկման թեմա, և կարծում եմ՝ դա մեզ հաջողվել է»։
Հարցին՝ ԵԽԽՎ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված ակցիային ինչո՞ւ չէին միացել իշխանական պատգամավորները, Ռուբինյանն արձագանքեց՝ Մարուքյանն էլ ասել է՝ որևէ տարբերություն չկա՝ որ անդամը ինչ է անում, կա պատվիրակություն, որտեղ ամեն մեկն իր գործն է անում:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանն էլ հավելեց՝ ակցիայի գաղափարը Էդմոն Մարուքյանինն է, բայց իրականացրել են բոլորով, այսինքն՝ արտաքին ճակատում հանդես են գալիս միասնական։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի աշխատանքի վերաբերյալ քննադատությունններին, ասաց․
«Ոչ ոք չի կարող թերագնահատել կամ նսեմացնել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության որևէ անդամի աշխատանքը: Ցանկացած պատվիրակություն մեկ թիմ է, եւ այն պետք է աշխատի միասնական՝ անկախ տարաձայնություններից: Մենք մեզ երբեք չենք պահել այնպես, ինչպես նախկին ընդդիմությունը: Այն տարիներին անգամ եղել են դեպքեր, երբ նույն պատվիրակության անդամները հրաժարվել են միեւնույն ինքնաթիռով իրար հետ թռչելուց, որ ավելորդ անգամ մեկը մյուսին չտեսնեն»,- նշեց խորհրդարանականը:
Ռուբինյանն իր հերթին ասաց՝ համաձայն է գործընկերոջ դիտարկումների հետ։
Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան Ռուբինյանն ասաց՝ Հայաստանը շարունակում է Ղարաբաղի անվտանգության երաշխավորը մնալ։
Ինչ վերաբերում է միջազգային կառույցների արձագանքին ռազմագերիների հարցով, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հիշեցրեց․
«Վերջերս ԵՄ ներկայացուցիչը եւս հայտարարությամբ հանդես եկավ` կոչ անելով վերադարձնել ռազմագերիներին»:
Ռուբինյանը հավելեց, որ Եվրոպան, ընդհանուր առմամբ, տարբեր է եւ շատ տարասեռ։
Ըստ Ռուբինյանի՝ այս հայտարարությունները Ադրբեջանին միջազգային ճնշումների դրսևորումներ են։
«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովհաննես Իգիթյանն էլ հավելեց, որ Եվրախորհրդարանը վերջերս երկու բանաձեւ է ընդունել՝ մեկն անվտանգության, իսկ մյուսը` մարդու իրավունքների մասին:
Երկուսում էլ, ըստ պատգամավորի, նշվում է ղարաբաղյան խնդիրը․
«Այն նշվել է ինչպես անվտանգության տեսանկյունից, այնպես էլ այն առումով, որ Ադրբեջանն արգելված զենքի տեսակներ է կիրառել պատերազմի ընթացքում, ռազմական ճանապարհով խախտել է ստատուս քվոն, ինչը դատապարտման է արժանի, եւ այդ բանաձեւերի հիմնական կոչն ուղղված էր հենց Ադրբեջանին, որ բոլոր հետևանքները վերացնի և պահպանի պատմական ժառանագությունը»,- ասաց Իգիթյանը:
Իգիթյանը վստահեցրեց՝ հայ պատգամավորներն ակտիվորեն աշխատում են այն երկրների հետ, որոնց խորհրդարանները հայտարարություններով են հանդես եկել այս հարցի վերաբերյալ: