Ես միայնակ ավելի շատ բան կարող եմ անել, քան կառավարության ներսում. Սմբատ Գոգյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Այժմյան կառավարությունում հստակ ձևակերպում չկա՝ կրթությունից, գիտությունից, հանրակրթությունից, բարձրագույն կրթությունից ինչ ենք ակնկալում»: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՈԿ նախկին ղեկավար, գիտնական Սմբատ Գոգյանը և հավելեց՝ պետք է փոխվի բնակչության վերաբերմունքը երկրի նկատմամբ.
«Երբ Արայիկ Հարությունյանը դուրս եկավ պաշտոնի, դեռ այն ժամանակ ասաց՝ փոփոխությունը տեղին չէ, մեր երկրի մարտահրավերների մեջ չի մտնում ԿԳՄՍ նախարարին փոխելը, ունենք ավելի խորը խնդիրներ»,-նշեց Գոգյանը:
Ըստ ԲՈԿ նախկին ղեկավարի՝ անվտանգային խնդիրներն այսօրվա մեր ունեցած գիտական ներուժով լուծելն անհնար է:
«Ա1+»-ի հարցին, թե գիտնականները պահանջում են Կառավարության հրաժարականը, ինքն անձամբ ի՞նչ տեսակետ ունի, Գոգյանն արձագանքեց՝ սա ամողջ գիտական հանրույթի պահանջը չէ.
«Գիտական հանրույթը շատ լավ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինել- չլինելը գիտության խնդիրները ֆունդամենտալ առումով չի լուծի»:
Ինչ վերաբերում է իր պաշտոնից հրաժարվելուն, Գոգյանը հիշեցրեց՝ մեկ պահանջ էր ներկայացրել արդեն նախկին նախարար Արայիկ Հարությունյանին, որը սակայն, նախարարը չկատարեց.
«Նա պետք է տեսախցիկների առաջ հայտարարեր, որ այո՛, մենք ունենք աղճատված գիտություն, մենք ունենք աղճատված աստիճանանշման համակարգ, ուստի մենք ստիպված ենք գրագողին հաստատել ռեկտոր, բայց, ցավոք սրտի, նախարարը չունեցավ քաջություն այդ հայտարարությունը անելու, իսկ այդպիսի վերադասի հետ աշխատելու ցանկություն ես չունեմ»:
Հարցին, թե նոր նախարարի հետ համագործակցության եզրեր հնարավո՞ր է, Գոգյանն արձագանքեց.
«Չեմ կարծում, ես իմ իդեաներն ու գաղափարներն ունեմ, և իմ փորձը ցույց տվեց, որ առայժմ իմ հնարավորությունները շատ ավելի հզոր են, ես միայնակ շատ ավելի բան կարող եմ անել, քան Կառավարության ներսում»:
Գոգյանն ասում է՝ դրական է վերաբերվել հեղափոխությունը իրականացրած շատ մարդկանց, բայց այսօր հիասթափված է.
«Ինձ համար անձնական ողբերգություն է այն փաստը, որ այն մարդկանց, ում ես համարել եմ կոմպետենտ, պաշտոնը նրանցից շատերին փչացրեց, պարզվում է՝ նրանք փողոցային պայքար էին մղում առանց իմանալու՝ ինչի համար»:
Անուններ Գոգյանը չնշեց, ակնարկեց, որ խոսքը հեղափոխական թիմից գրեթե բոլորի մասին է: