Բացել լրահոսը Փակել լրահոսը
130934823_1734773620018504_1720933482933564708_o
A A
Պաշտոնական

«Նրա՝ զինվորական համազգեստով դիմապատկերն անցորդներին հիշեցնում է՝ հողը արյունով են պահում...»

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

««Մերօրյա հերոսները». Ազատ Զաքարյան

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը մեկ տասնյակից ավելի սովորողներ ու ռազմական բժիշկներ է կորցրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով հրահրված պատերազմում: Նրանց մի մասն անմահացել է մասնագիտական, մյուսները՝ հայրենիքի հանդեպ պարտքը կատարելիս:
 
Ազատ Զաքարյանը Ռազմաբժշկական ֆակուլտետում սովորել է երեք տարի, որից հետո զորակոչվել է բանակ՝ զինվորական ծառայության: Արցախի հարավային ուղղությամբ մղվող մարտերում նա կատարում է իր առջև դրված խնդիրները, քաջաբար կանգնում մինչև վերջ և զոհվում հերոսաբար:
 
Ռազմաբժշկական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Նիկոլայ Գրիգորյանը, ով պատերազմի առաջին օրից՝ որպես կամավոր եղել է Ստեփանակերտի հոսպիտալում, ավագ գործընկերների հետ բուժօգնություն է տրամադրել վիրավորներին, անմահացած ընկերոջ մասին պատմում է խորը վշտով. «Ազատը խելացի, հոգատար, հավասարակշռված, նպատակասլաց անձնավորություն էր»:
 
Ապագա ռազմական բժիշկը նշում է՝ վիրաբույժ դառնալու ցանկությանը զուգահեռ, Ազատը բազմաթիվ նպատակներ ու ծրագրեր ուներ, որոնք մտադիր էր կյանքի կոչել զինվորական ծառայությունն ավարտելուց հետո:
 
Մեջբերելով Ազատի ՝ «Ամեն ինչ մեր ձեռքերում է ու գլխում» խոսքերը, Նիկոլայն ընդգծում է, որ ընկերն իր աշխարհայացով տարբերվում էր մյուսներից: Ազատը զոհվել է հոկտեմբերի 10-ին, Հադրութում: Ռազմաճակատի ամենաթեժ՝ հարավային ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրետանային արկն ընկնում է նրանից քիչ հեռու, որի հետևանքով վիրավորվում են նրա զինակիցները: Անտեսելով վտանգն՝ Ազատը շտապում է օգնության: Թշնամու արձակած համազարկ կրակի հետևանքով հերոսը բռնում է հավերժի ճամփան:
Վաշտի հրամանատարը պատմում է, որ կրտսեր սերժանտ Ազատն աչքի է ընկել կազմակերպվածությամբ, իր առջև դրված խնդիրները պարտաճանաչությամբ կատարելու կարողությամբ: Զոհվելուց ժամեր առաջ նա սահմանից իր ընկերների և հարազատների միջոցով օգնել Արցախից տեղափոխված ընտանիքի՝ ժամանակավոր կացարան գտնելու հարցում:
 
Նիկոլայի կարծիքով՝ յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր նահատակված հերոսների նման լինել հայրենասեր ու նվիրված մայր հողին: «Գիտակցում ենք, որ Ազատի և բազմաթիվ զինվորների կիսատ թողած գործը մենք պետք է պատվով շարունակենք: Ուժ ու համբերություն մեր բոլոր զոհված հերոսների հարազատներին և ընկերներին»,-ասում է ապագա ռազմական բժիշկը:
 
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում Արցախում անմահացած Ազատ Զաքարյանը Հրազդան քաղաքից էր: Քաղաքի բակերից մեկում տեղ գտած նրա՝ զինվորական համազգեստով դիմապատկերն անցորդներին հիշեցնում է՝ հողը արյունով են պահում...»: