Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Ծառուկյանի 2 փեսաները կազմակերպչական աշխատանքներ են տարել ամսի 10-ին կառավարությունում կատարվածում» (տեսանյութ)

«Իմ գործընկեր, ԲՀԿ պատգամավոր Դավիթ Մանուկյանը՝ Գագիկ Ծառուկանի փեսան և Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը համարները հանած թանկարժեք մեքենաներով գալիս են Կառավարության շենք, նաև իրենց հետ բերում են մեծ թվով անձանց, ովքեր կատարում են քրեորեն դատապարտելի արարքներ»։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի փեսաները որևէ բան չեն ջարդել, բայց ակնհայտ է, որ կատարել են կազմակերպական աշխատանքներ։

«Հիմա Ստեփանակերտում ունենք բազմաթիվ կոտրված պատուհաններ, և ես շատ կցանկանայի, որ Կառավարության շենքում պատուհաններ ջարդած անձինք ավելի կազմակերպված գնային Արցախ`վերականգնելու մանկապարտեզների, դպրոցների ու հիվանդանոցների պատուհանները»,-ասում է Սարգսյանը:

Դիտարկմանը, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` անձամբ ինքն այս օրերին ղեկավարում է զինված խմբերի ձևավորման մի գործընթաց, Սարգսյանը պատասխանեց` լուրն իրականությանը չի համապատասխանում․

«Բռնությունը Հայաստանում, նաև մեր օրակարգում տեղ չունի, հակառակ, ժողովուրդը երկու տարի մեզ մեղադրում է թավշային գործելաոճի համար», - ասաց նա:

Կառավարական առանձնատուն ևս մարդիկ գնացել են կազմակերպված և ուղղորդված, -պնդում է Սարգսյանը։ Պատգամավորը նաև համոզված է, որ վարչապետի հրաժարականի պահանջ լայն հասարակության շրջանում գոյություն չունի։ Ինչ վերաբերում է նախագահի հայտարարությանը, Սարգսյանն ասում է ՝ Արմեն Սարգսյանի կոչից հետո բազմաթիվ նամակներ են ստացել, որտեղ մարդիկ ասել են, որ խնդրում են՝ վարչապետը հրաժարական չտա, քանի որ երկիրը չեն ուզում հանձնել նախկին իշխանության ղեկավարներին։