Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի Հանրապետության նախագահի, ՀՀ վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը
Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինը, հայտարարում ենք հետևյալի մասին.
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է լիակատար կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00:00-ից:
Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:
Հայկական կողմի կողմից պահվող Աղդամի շրջանը և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի տարածքները վերադարձվում են Ադրբեջանական կողմին՝ մինչև 2020թ. նոյեմբերի 20-ը:
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ՝ 1960 զինծառայողներով՝ հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է Հայաստանի զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման տեղակայման ժամկետը՝ 5 տարի՝ հետագա 5-ամյա ժամկետով ավտոմատ երկարաձգմամբ, եթե Կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չի հայտարարում այս դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին։
Հակամարտության Կողմերի կողմից համաձայնությունների կատարման վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կրակի դադարեցման վերահսկողության խաղաղապահ կենտրոն է տեղակայվում։ Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանի Հանրապետությանն է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչև 2020թ. նոյեմբերի 15-ը՝ Լաչինի շրջանը՝ միևնույն ժամանակ իր թողնելով Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և, միևնույն ժամանակ, չի վերաբերի Շուշի քաղաքին:
Կողմերի համաձայնությամբ՝ առաջիկա երեք տարիներին կորոշվի Լաչինի միջանցքով տեղաշարժի նոր երթուղու կառուցման պլանը, որը կապահովի Ստեփանակերտի և Հայաստանի միջև կապը՝ հետագայում այդ երթուղու պաշտպանության համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխմամբ:
Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:
Իրականացվում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների մարմինների փոխանակում: Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով:
Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:
Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը:
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռուսաստանի Դաշնության նախագահ