Վարչապետը կխոսի հանրության հետ. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մոտ ապագայում վարչապետը կդիմի նաև հանրությանը և ստեղծված իրավիճակի վերաբերյալ մանրամասներ կտրամադրի»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ով այսօր մի քանի այլ գործընկերների հետ Կառավարությունում էր։
«Խաղաղապահների հարց վարչապետի հետ չի քննարվել», -ասաց Սիմոնյանն ու հավելեց՝ եղել են խոսակցություններ, բայց պաշտոնական քննարկում չի եղել։ ԱԺ փոխխոսնակի վստահեցմամբ՝ հանրությունը պետք է տեղյակ լինի ամեն ինչին, քանի որ հակառակորդը աշխատում է ոչ միայն սահմանին, այլև համացանցում։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ լուրերին, Սիմոնյանն ասաց՝ նման հիմար ստեր տարածողները պատժվելու են։ Ալեն Սիմոնյանը համոզմունք հայտնեց նաև, որ ի հեճուկս բոլոր այն հայտարարությունների, թե Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացում կա՝ այսօր մեր և ՌԴ հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում։
Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ «Ա1+»-ի հարցին Ալեն Սիմոնյանը պատասխանեց, թե պետք է հասկանալ դրա նպատակահարմարությունը, հնարավորությունը և հետևանքները․
«Պարզ է, որ այդ հարցը մեզ համար ամենակարևոր հարցն է։ Մենք բոլոր ուղղություններով աշխատում ենք և գնալու ենք Արցախի ճանաչման ճանապարհով»։
Սիմոնյանը հավելեց՝ շատ կարևոր է, որ Արցախը ճանաչվի ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի կողմից, և դրան հետևեն իրավական գործընթացներ։