Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Տուգանք եւ քրեական պատասխանատվություն՝ սուտ, կեղծ տեղեկություններ եւ խուճապ տարածելու համար. ԱԺ-ն ընդունեց օրինագիծ (տեսանյութ)

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 9-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ`  նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Պատգամավորներն ընդունել են արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին որոշում:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցողի խոսքով` օրենսդրության վերլուծությունը ցույց է տալիս, որ ռազմական դրության ընթացքում միջոցառումներն ապահովելու տեսանկյունից մի շարք իրավահարաբերություններ կարգավորված չեն, ուստի նախագծերի փաթեթով առաջարկվում է ամբողջականացնել եւ հստակեցնել ռազմական դրության իրավական ռեժիմը խախտելու դեպքում պատասխանատվության միջոցների շրջանակը:

Օրենսդրական փոփոխությամբ, մասնավորապես, առաջարկվում է ռազմական դրության իրավական ռեժիմի բովանդակությունը կազմող, օրենքով նախատեսված սահմանափակումների չպահպանման կամ միջոցառումների խախտման համար նախատեսել վարչական պատասխանատվության միջոցներ:

Միաժամանակ, առավել մեծ հանրային վտանգավորություն ունեցող արարքների դեպքում նախատեսվում են քրեական պատասխանատվության միջոցներ, եթե դրանք առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ: Քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաեւ ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման արդյունքում կասեցված գործունեության իրականացումը շարունակելու համար:

Քրեական դատավարության օրենսգրքում կատարվող լրացմամբ առաջարկվում է սահմանել լրացվող հանցակազմերով քրեական գործերի քննչական ենթակայությունը: Միաժամանակ, հաշվի առնելով ռազմական դրության պայմաններում ընդունված վարչական ակտերի անհապաղ կատարման անհրաժեշտությունը՝ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսվում է, որ դրանց՝ վարչական դատարան բողոքարկումը չի կասեցնում վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտի կատարումը:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Տարոն Սիմոնյանը: Պատգամավորը նշել է, որ օրենսդրական փաթեթում որոշ դրույթներ խնդրահարույց են, ունեն հստակեցման կարիք: 

Եզրափակիչ ելույթում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին եւ մտահոգություններին: Նա նշել է, որ բերված կարգավորումները ինքնանպատակ չեն, դրանցով չեն սահմանափակվում պաշտոնատար անձանց, այդ թվում նաեւ պատգամավորների ազատ արտահայտման իրավունքները:

Խորհրդարանն այնուհետեւ քննարկել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ օրինագծով առաջարկվող կարգավորման նպատակը հայրենիքի առջեւ իրենց պարտքը կատարող անձանց աշխատանքային հարաբերություններում որոշակի երաշխիքներ նախատեսելն է: Ներկայացված նախագծով, մասնավորապես, առաջարկվում է հստակ սահմանել, որ զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերի կցագրվելու, ինչպես նաեւ վարժական հավաքների, զինվորական վարժանքների կամ զորավարժությունների մասնակցելու ընթացքում պետք է պահպանվի աշխատողի աշխատատեղը (պաշտոնը):

Նախագծի ընդունմամբ միաժամանակ կապահովվի ռազմական դրություն հայտարարված լինելու ժամանակահատվածում պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների աշխատանքի անխափան իրականացումը` հնարավորություն տալով վերջիններիս անհրաժեշտության դեպքում հետ կանչել արձակուրդում գտնվող աշխատողներին` առանց վերջիններիս համաձայնությունը նախապես ստանալու:

Պատգամավորները քննարկված հարցերն ընդունել են առաջին ընթերցմամբ:

Օրվա ավարտին ներկայացված օրենքների նախագծերը խորհրդարանը քննարկել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

------

Ազգային ժողովն այսօր երկրորդ եւ ամբողջական ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը, որով վարչական կամ քրեական պատասխանատվություն է սահմանվում ռազմական դրությամբ պայմանավորված սահմանափակումները խախտելու, այդ թվում՝ հետեւանք առաջացնող սուտ, կեղծ, խուճապ տարածող  տեղեկությունների տարածման համար:

Ինչպես զեկուցեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, մինչեւ երկրորդ ընթերցումը պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկման ժամանակ մի շարք փոփոխություններ են կատարվել.

«Տարանջատվել են լրատվական գործունեություն իրականացնողները՝ լրատվական գործունեություն չիրականացնողներից:

Եթե լրատվական գործունեություն իրականացնողը չի վերացնի խախտման հետեւանքը,  տուգանքի գումարը կկազմի նվազագույն աշխատավարձի 1000-1500-ապատիկի չափ, իսկ լրատվական գործունեություն չիրականացնողի դեպքում՝  նվազագույն աշխատավարձի 700-1000-ապատիկի չափ»:

Ազգային ժողովը միաձայն ընդունեց օրենսդրական փաթեթը: Խորհրդարանը միաձայն ընդունեց նաեւ «Իմ քայլի» հեղինակած՝ «Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների մասին» օրինագիծը, ըստ որի՝ ռազմական դրության ժամանակ զորակոչված եւ կամավորագրված անձանց աշխատատեղը  կպահպանվի, աշխատանքային ստաժը՝ նույնպես:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը: