Ակտիվանում է միջազգային ներգրավվածությունը, բայց լուծողը մենք ենք․ Սամվել Բաբայան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲայց շարունակվում են թշնամու ահաբեկչական գործողությունները․ «Ամբողջ գիշերը հրթիռակոծում, ռմբակոծում էին Ստեփանակերտը, մի շարք բնակավայրեր, գյուղեր և քաղաքներ, կան ավերածություններ, տուժածներ, բայց մեր ժողովուրդը որևէ ձևով իր կամքն ու վճռականությունը չի կորցրել»։
Արցախի պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանի խոսքով՝ այս պահին թշնամու ռազմավարությունը մեր բնակիչների, ազգի կամքն ու վճռականությունը կոտրելն է․
«Թշնամին թիրախավորում է բացառապես քաղաքացիական օբյեկտներ և սա ռազմավարություն է, սա իրենց հոգու կառուցվածքն է, ահաբեկել մեզ, որպեսզի փորձի մեր ժողովրդի կամքը կոտրելու, չի ստացվելու, ինչքան այդպես պահվածք են ցուցաբերում, այնքան կարծրանում ենք։ Ունենք լավ լուրեր, հակառակորդը մեծ կորուստներ է կրում, մեծ ստորաբաժանումներ են պարզապես վերացվել»։
Բաբայանը փաստում է՝ ակնհայտ է երկրների հետաքրքրությունը լուծելու ստեղծված իրավիճակը, սակայն վերջնական լուծողը մենք ինքներս ենք․
«Ակտիվանում է միջազգային ներգրավվածությունը և այն գործընթացները, որին մենք ականատես ենք լինում, թույլ է տալիս կանխատեսելու, որ մոտ ապագայում կլինեն մեծ ճնշումներ և՛ Թուրքիայի և՛ Ադրբեջանի վրա։ Ամենամեծ ճնշումը մեկ է, լինելու է պաշտպանության, հայոց բանակի գրագետ գործողությունները ռազմի դաշտում։ Հիմա համառ մարտերը շարունակվում են։ Կան տեղեր, որտեղ ակտիվությունը դեռևս շարունակվում է, այնուամենայնիվ Ստեփանակերտը կա և կլինի։ Պետք է լցվենք համբերությամբ, որևէ խուճապային տրամադրություն չպետք է լինի»։
Ասում է՝ այն ինչ անում է հիմա Արցախը և Մայր Հայաստանը , փաստորեն պայքար է ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար։ Այստեղ է վճռվում Փարիզի, Լոնդոնի Դելիի, Վաշինգտոնի, Մոսկվայի ճակատագիրը՝ մոտակա տարիների համար․
«Նպատակը միայն Արցախը չէ։ Եթե իրենց նպատակները իրականանան, կստեղծվի Բոսֆորից մինչև Վոլգա ահաբեկչական խալիֆայություն։ Սա լավ հասկանում են, տեսնում ենք կոնսոլիդացված մոտեցում տվյալ հարցում։ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների վերջին հայտարարությունը ևս մեկ անգամ դա ապացուցում է։ Տեսնում ենք, որ ուժեղանում է վճռականությունը անմիջական հարվածներ հասցնելու ահաբեկիչներին»։
Ինչ վերաբերում է մեր հարևան երկրներից Վրաստանի հետ համագործակցությանը, նրա պահվածքին, չպետք է շտապել․
«Այս պահի դրությամբ պետք է լինենք շատ զգույշ, որպեսզի մեզ չվնասենք, հասկանանք, ինչ երկիր ինչ ձև է իրեն պահելու, Վրաստանը համարում ենք բարեկամ, նա շատ լավ է պատկերացնում, որ ինքը վաղը նույնպես թիրախավորվելու է, եթե մենք այստեղ մեր առաքելությունը չկատարենք։
Այսօր պայքարում ենք քաղաքակիրթ աշխարհի՝ նաև Վրաստանի համար, եթե իրենք թիրախավորվեն, դա լինելու է վրաց պետականության վերջը»։