Նրանք կվերադառնան ու կբերեն երկրին փոփոխություն
Աջակցիր «Ա1+»-ինԿրթություն ստանալ աշխարհի լավագույն բուհերում երազում են շատերը: Իսկ երազանքը իրականացնելու ճանապարհը շատերի համար կրթաթոշակ ստանալն է: Թագուհի Մեսրոպյանը, Մերի Պեպանյանը, Հրաչ Բաբաջանյանը, Քրիստինե Հակոբյանը այն քառասունհինգ երջանիկների շարքում են, ում բախտը ժպտաց այս տարի: «Իմ քայլը» հիմնադրամը նրանց կրթաթոշակներ շնորհեց արտասահմանի լավագույն համալսարաններում սովորելու համար:
Երիտասարդները գնում են հեղինակավոր կրթական հաստատություններ երազանքն իրականացնելու և լավ ուսում ստանալու, սակայն պայմանով, որ երկիրը լավ մասնագետների կարիք ունի և նրանք կվերադառնան ու կբերեն երկրին փոփոխություն:
Թագուհի Մեսրոպյանը ընդունվել է Միլանի պոլիտեխնիկական համալսարանի մաթեմատիկական ճարտարագիտության բաժին: Բակալավրիատն այստեղ է ավարտել, մաթեմատիկայի բաժինը:
«Մաթեմատիկան ինժիներիայի կոնտեքստում ուսումնասիրելը հետաքրքիր է: Լավ միքս է: Իրականում շատ մեծ-մեծ մտքեր ունեմ կապված Հայաստանում գիտությունը և ինդուստրիան իրար հետ փոխկապակցելու օղակը ուժեղացնելու»,- ասում է Թագուհին: Իր ծրագրերն իրականացնելու համար, մտածում է միգուցե վերադառնալուց հետո կհաջողվի ընկերություն ստեղծել:
«Քաղաքը զարգանալու համար առաջին հերթին ներդրումներ են պետք: Գիտությունն այս պահին պոտենցիալ ունի, սակայն ներդրումների պակասի պատճառով ընթացքը շատ ժամանակ դանդաղում է: Հույս ունեմ, որ դրսում սովորելով լավ կապեր կկարողանամ ձեռք բերել, ծանոթություններ, որը հնարավորություն կտա շատ նպատակներ իրագործել»:
Թագուհին նշում է, որ ուսման վարձը 4000 եվրոյի կարգի է, իսկ մնալու ծախսերը մոտ 12.000 եվրոյի: Եվ քանի որ որևէ հիմնադրամ ամբողջական գումար չի տրամադրում, դիմել է նաև այլ հիմնադրամների և սպասում է պատասխանի:
« «Իմ քայլը» հիմնադրամի ընտրական հարցազրույցը շատ խիստ էր,- ասում է Թագուհին,- իսկ հարցաշարը կապված ֆինանսական հարցերի հետ շատ մանրամասն պետք էր ներկայացնել, թե մեզ որքան գումար է անհրաժեշտ, այն էլ ապացույցներով: Կարծում եմ ամեն ինչ շատ ազնիվ անցավ»:

Մերի Պեպանյանը նույնպես ընդունվել է Միլանի պոլիտեխնիկական համալսարան, սակայն մեկ այլ՝ ճարտարապետություն և քաղաքացիություն բաժինն է ընտրել: Իտալիայի ճարտարապետական արվեստի հանդեպ սերն է բերել նման ընտրության, ասում է Մերին, և հավելում, որ նաև արդեն սովորող ընկերներ ունի այնտեղ, որոնցից տեղեկացված է, և հասկացել է, որ սա հենց այն է ինչ պետք է իրեն:
«Բակալավրիատում քաղաքաշինության բաժնում եմ սովորել և ընթացքում փորձում էի հասկանալ, թե ինչ խնդիրներ կան Երևանում, Հայաստանում: Օրինակ, արդյունաբերական շատ գոտիներ ունենք, որոնք լքված են, ու դրանց վերաիմաստավորելը նոր կյանք կհաղորդի տարածքներին»:
Կարծում է վերադառնալուց հետո կկարողանա օգուտ բերել: Իմ դիպլոմայինի թեման էր «Երևանի կենտրոնի ծանրաբեռնվածությունը հասարակական վայրերում»: Կփորձեի այլ վարչական շրջաններում գործունեություն ծավալել, որ կենտրոնի ծանրաբեռնվածությունը թեթևանար մյուս վարչական տարածքներն ունենային իրենց դեմքը և մրցունակություն լիներ տարբեր շրջանների միջև: Եվ, ասենք Նորք-Մարաշի, կամ Աջափնյակի բնակիչը կարողանար ասել, կենտրոնը՝ կենտրոն, բայց իմ վարչական շրջանն էլ պակաս չի: Հիմա ասում են «իջնենք քաղաք», այսինքն իջնենք կենտրոն: Երբ այս ամենը ստացվի իջնենք կենտրոն արտահայտությունն այլևս ակտուալ չի լինի»:
Նրա նախասիրած ճարտարապետական ոճը՝ խորհրդային մոդեռնիզմն է և շատ է ափսոսում, որ «Ռոսիա» կինոթատրոնի դիմագիծն աղավաղված է, իսկ երիտասարդական պալատն այլևս պատմություն է:

Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը ավարտած Հրաչ Բաբաջանյանը երեք տարի առաջ է սկսել հետաքրքրվել արհեստական բանականությամբ, անգամ աշխատանքի փորձ ունի այս ոլորտում: Հիմա որոշել է մասնագիտանալ: Ընդունվել է Էդինբուրգի համալսարանի արհեստական բանականության բաժին: Հետագայում էլ ծրագրել է ասպիրանտուրայում շարունակել ուսումը:
«Մարդիկ, երբեմն մի տեսակ վախեցած են խոսում արհեստական ինտելեկտի մասին: Միգուցե սա ֆիլմերից ու գրքերից է գալիս, չգիտեմ: Ես դրական եմ այս հարցին նայում, քանի որ արհեստական ինտելեկտը մեծ հնարավորություն է ստեղծում»:
Մի՞թե վատ է, շարունակում է Հրաչը, որ անօդաչու սարքեր են ստեղծվել, ինչքան օդաչու է փրկվել: Վա՞տ է, որ արդյունաբերության մեջ ռոբոտները մարդկանց փոխարեն կատարեն ծանր աշխատանքը: Իսկ մարդիկ զրկվելով աշխատանքից ինչ են անելու հարցին, նա պատասխանում է, որ իրականում մարդիկ ոտքը ոտքին գցած սուրճ խմելով չեն վայելելու կյանքը: Մարդիկ պետք է հասկանան և ձգտեն ավելի ինտելեկտուալ աշխատանքի, գիտնական, ինժեներ դառնան: Եթե ոչ, դա արդեն իրենց խնդիրն է: «Բայց, կարծում եմ վերջին երկու հարյուր տարին ապացույց է, որ մարդիկ ադապտացվում են տեխնիկական ընթացքին, և, ի վերջո, ինչ-որ մասնագիտություններ միևնույն է պետք կլինեն»:
Թե ինչ է անելու, երբ ուսումը կավարտի ու կվերադառնա՝ վստահ է: Դասախոսելու է, նաև ինդուստրիայի ոլորտում է աշխատելու, հենց անօդաչու սարքերի ոլորտում: Հրաչի հոբբին՝ հեռակառավարվող ինքնաթիռներ սարքելն ու լավ երաժշտություն լսելն է, ընդ որում կենդանի երաժշտություն, քանի որ նրա խոսքով, արհեստական բանականության ստեղծած գործերը թեև կշատանան, սակայն սա այն ոլորտն է, որտեղ այն չի հաղթի:

Քրիստինե Հակոբյանը, որոշեց փոխել բժիշկ-ռադիոլոգի մասնագիտությունը և մասնագիտանալ համաճարակաբանության մեջ:
Սակայն շտապում է նշել, որ կորոնավիրուսի համաճարակի հետ չէ իր որոշումը պայմանավորված: Որոշումն ավելի վաղ էր ընդունել ու այժմ իր երազանքը իրականացնելու է Լոնդոնի համալսարանի հիգիենայի և տրոպիկական բժշկության բաժնում: «Ինձ հետաքրքիր է արդի համաճարակաբանությունը: Կարծում եմ, որ Հայաստանը այդ մասնագետների կարիքն ունի: Արդի համաճարակաբանությունը ոչ միայն ինֆեկցիոն հիվանդությունների վերահսկումն է, այլ նաև բոլոր ռիսկային հիվանդությունների ի հայտ բերումը և հետազոտությունների հիման վրա առողջապահական համակարգի քաղաքականության մշակումն ու կլինիկական չափանիշների ձևավորումը: Մենք ունենք սրտային հիվանդություններով պայմանավորված ոչ քրոնիկական հիվանդությունների համաճարակներ, որ գալիս է, օրինակ սխալ ապրելակերպից: Այո, սա էլ իր տեսակով համաճարակ է: Դրանց ռիսկի գործոնների կանխարգելման ապահովումը ևս համաճարակաբանության ոլորտն է: Կարծում եմ, որ հետազոտությունների վրա հիմնված առողջապահությունը մեզ համար շատ կարևոր է: Օրինակ, կորոնավիրուսի հետևանքներն ավելի քիչ սթրեսային կլինեին, եթե մենք ունենայինք ավելի ուժեղ մարդկային ներուժ»: Քրիստինեի համար կարևոր է վերադառնալուց հետո այդ ուղղությամբ աշխատելը: Հուսով է, որ այդպես էլ կստացվի։
