Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Թեմա Քաղաքականություն Հասարակություն

Նոր ընտրությունները՝ խաղի նոր կանոններով․ իշխանությունը փոխում է Ընտրական օրենսգիրքը (տեսանյութ)

Հարյուր տոկոսով համամասնական ընտրացուցակներ և ռեյտինգային ընտրակարգի վերացում, կուսակցությունների ու դաշինքների համար անցողիկ շեմի նվազեցում, ընտրացուցակների մաքրում, քարոզարշավի թափանցիկ ֆինանսավորում և վերջապես համավարակի պայմաններում ընտրական գործընթացների կազմակերպում:

Ընտրություններին վերաբերող այս և բազմաթիվ այլ հարցեր քննարկվում են Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շրջանակում՝ Ազգային ժողովում երեք խմբակցություններից կազմված աշխատանքային խմբում:

Քննարկումների այդ ձևաչափը սահմանափակ չէ, ընդունում են առաջարկներ նաև արտախորհրդարանական կուսակցություններից և շահագրգիռ այլ կողմերից:

Կորոնավիրուսի համաճարակի առաջացրած սահմանափակումների պատճառով քննարկումներն ընթանում են առցանց հարթակում:

Ընտրական բարեփոխումների քննարկումների հիմքում դրվել է 2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ և հենց այդ ընտրությունների համար մշակված նախագիծը: Այդ ժամանակ Ազգային ժողովում մեծամասնությունը Հանրապետական կուսակցությունն էր, որն էլ տապալեց այդ փոփոխությունները:

2018թ. նախագծում ներառված և այժմ քննարկվող թեմաներից մեկն էլ կուսակցությունների ու դաշինքների անցողիկ շեմի ցածրացումն է մեկական տոկոսով՝ կուսակցությունների համար նվազագույն 5 տոկոսը դարձնելով 4, դաշինքների 7 տոկոսը` 6 տոկոս:

Ամենաառանցքային հարցերից է նաև նախընտրական քարոզարշավի տևողության երկարացումը և ֆինանսավորման թափանցիկությունը: «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը գտնում է, որ ավելի երկարատև քարոզարշավի ժամանակ փոքր և ռեսուրս չունեցող կուսակցություններն ընտրողներին իրենց ծրագրերը ներկայացնելու ավելի մեծ հնարավորություն կունենան՝ օգտվելով հանրային ռեսուրսներից: Իսկ քարոզարշավի ֆինանսավորումը պետք է լինի թափանցիկ՝ միայն հատուկ այդ նպատակով ստեղծված հիմնադրամներից, որոնք ձևավորվում են քաղաքացիների հանգանակություններից և ոչ թե օլիգարխիայի գումարներից:

Իշխանությունը նույնպես գտնում է, որ քարոզարշավի վրա ծախսվող գումարները պետք է առավելագույնս տեսանելի լինեն: Ի վերջո դրանք ներարկվում են քաղաքականություն: Մինչդեռ գործող օրենքով քարոզարշավի ժամանակ հայտարարագրվում են ոչ բոլոր ծախսերը՝ շտաբների վարձավճարները, աշխատողների աշխատավարձերը չեն հայտարարագրվում:

Քննարկվող հարցերից մեկն էլ խորհրդարանում կանանց քվոտայի մեծացումն է: Գործող օրենքով կանանց բաժին է հասնում 25 տոկոս, բայց  ոչ թե խորհրդարանում, այլ ընդամենը նախընտրական ցուցակներում: Կուսակցություններն իրենց հայեցողությամբ կարող են նվազեցնել կամ ավելացնել խորհրդարան եկող կին պատգամավորների թիվը: Այժմ քննարկվում է տարբերակ, որ կանայք 30 տոկոս ունենան ոչ միայն նախընտրական ցուցակներում, այլև հենց խորհրդարանում: Եվ եթե կին պատգամավորներից մեկը վայր դնի մանդատը, ապա 30 տոկոսից ցածր լինելու դեպքում այն բաժին ընկնի ցուցակի ոչ թե հաջորդ թեկնածուին, որը հիմնականում տղամարդ է լինում, այլև հաջորդ կին թեկնածուին:

Ընտրական բարեփոխումների հարցը քննարկվում է նաև Կուսակցությունների մասին օրենքի և Սահմանադրական բարեփոխումների շրջանակում: Առաջնային է կայուն մեծամասնության համակարգից հրաժարվելու հարցը: 2015թ․ ընդունված Սահմանադրության համաձայն՝ եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձեւավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ։

Նախատեսվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների առաջին փաթեթը խորհրդարանի դատին հանձնել 2021թ. գարնանը: Սահմանադրական փոփոխություններից հետո և մինչև 2023թ․խորհրդարանական ընտրությունները կիրականացվեն Ընտրական օրենսգրքի հաջորդ խումբ փոփոխությունները: