Հրայր Թովմասյանի եւ ՍԴ երեք անդամների վերաբերյալ օրինագիծը ԱԺ-ն ընդունեց 89 կողմ ձայնով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍԴ նախագահի և մի քանի անդամների լիազորությունները դադարեցնելու նախագիծը ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց։ Այն երկրորդ ընթերցմամբ ընդունեց 89 կողմ ձայնով
«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները քվեարկությանը չէին մասնակցում: Նրանք բոյկոտել են և հայտարարել,որ այս գործընթացը հակասահմանադրական է:
ԱԺ-ն նաեւ որոշեց նախագիծը չուղարկել ՍԴ՝ սահմանադրականությունը որոշելու հարցով, քանի որ այն վերաբերում է հենց այդ դատավորներին։
Մինչ քվեարակությունը Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը իր ելույթում ն շեշտեց, որ ՀՀ քաղաքացիները ուզում են անկախ, չկոռումպացված դատական համակարգ, մինդեռ այս գործընթացին դիմադրում են նախկին կոռումպացված համակարգի շահառուները.
«Մենք ի կատար պետք է ածենք ՀՀ ժողովրդի ցանկությունը, որովհետև ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին»:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը քննարկվող օրակարգը համարեց պետականության ողնաշարն ամրացնող կարևորագույն հենասյուներից մեկը.
«Ոչ պատահականորեն հայտնի դարձավ, որ մեր քննարկումներին զուգահեռ ՍԴ-ն հրավիրել է շտապ աշխատակարգային քննարկում, որի ընթացքում Ռ. Քոչարյանի դիմումի քննությունը նշանակվել է հուլիսի 7-ին այն հաշվարկով, որ իրենք կհասցնեն մինչև այս օրենքի ստորագրման համար նախատեսված անհրաժեշտ ժամկետի ավարտը վերջին ծառայությունը մատուցել Ռոբերտ Քոչարյանին»:
Բաբաջանյանի պնդմամբ՝ ՍԴ-ի նպատակն է պաշտպանության տակ առնել բոլոր նախկին հանցագործներին՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ.
«Մենք այս օրենքով պատմության գիրկն ենք ուղարկելու մի ՍԴ, որն իր գործունեությամբ ու վարքագծով հակապետական, հակաժողովրդավարական ինստիտուտ է և սպառնում է մեր երկրի, հասարակության և ժողովրդավարության անվտագությանը»:
Նախագծի հեղինակներն առաջարկում են պաշտոնանկ անել մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված այն դատավորներին, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է։ Իսկ այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարին չի լրացել, ըստ նախագծի` կշարունակեն ՍԴ անդամի կարգավիճակում աշխատել մինչև 12 տարին լրանալը: Իսկ ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահին, նախագծով առաջարկվում է նրա պաշտոնավարումը ևս դադարեցնել ու պաշտոնը թափուր մնալուց հետո ընտրել նոր նախագահ:
Այսինքն՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երեք դատավորների՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները կդադարեցվեն, իսկ Հրայր Թովմասյանը կպաշտանավորի ոչ թե որպես ՍԴ նախագահ, այլ դատավոր։