Արտակարգ դրությունն ընդամենը գործիք է իշխանության ձեռքում․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք գտնվում ենք հումանիտար, սոցիալ-տնտեսական, մասնակցային, քաղաքական, արտաքին քաղաքական և լեգիտիմության ճգնաժամի մեջ»,- «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները․ գնահատականներ և լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի ղեկավար, տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը։
Ըստ Թևանյանի՝ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանում ժողովուրդը հետևողականորեն և ամբողջությամբ դուրս է մղվում որոշումներ կայացնելու գործընթացից․ «Ֆորմալ առումով հայտարարվում է, որ «գործ ունենք ժողովրդավարության հետ, ժողովրդի իշխանության հետ, որ ժողովրդի կարծիքն է կարևորը», բայց մեծ հաշվով մենք տեսնում ենք, որ ժողովուրդը դուրս է մղվում քաղաքական որոշումներ ընդունելու գործընթացից»։
Կառավարությունը, ըստ տնտեսագետի, ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը և պետությունը կանգնեցրել հումանիտար աղետի առջև, ճգնաժամ առկա է նաև արտաքին քաղաքականությունում։
«ՊոլիտԷկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի ղեկավարը նաև անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ կապված իրավիճակին։
«Մենք տեսնում ենք, որ արտակարգ դրությունն ընդամենը գործիք է քաղաքական իշխանության ձեռքում՝ սեփական իշխանության պահպանման համար, և այս իրավիճակում մենք նայում ենք, թե ինչպիսի հարձակումներ կան քաղաքական ընդդիմախոսների դեմ։ Եթե խորհրդարանական ընդդիմության դեմ ֆիզիկական հարձակում տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան»-ի մասով, ապա մյուս խորհրդարանական խմբակցության դեմ մենք տեսնում ենք քաղաքական հարձակման անթաքույց դրսևորումներ»,- ընդգծեց հասարակական գործիչը։