Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալեն Սիմոնյան
A A
Քաղաքականություն

Ծառուկյանը հանդիպել է պարոն Վանեցյանի հետ նույն այգում՝ բազմաթիվ անգամ․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Քրեական գործերը հարուցվել են շատ ավելի շուտ, քան պարոն Ծառուկյանը այգում հայտարարություններ է արել՝ կապված իշխանության 100 տոկոս փոփոխության հետ։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի հայտարարություններին, թե Ծառուկյանի շուրջ կատարվողը քաղաքական է։

«Երեկ շրջանառության մեջ հայտնված փաստաթուղթն, իմ տեղեկություններով, գտնվել է շատ ավելի շուտ», - ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով համացանցում տարածվող տեսանյութին, որտեղ 2012 թվականին ինքը բարձր է գնահատում ԲՀԿ ղեկավարի քաղաքական գործունեությունը՝ Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ այն 2012 թվականի վաղեմության է, և ամենևին համակրանքի նշան չէ, պարզապես արձանագրում է եղել և այժմ էլ կարող է հայտարարել, որ այդ ժամանակաշրջանում ՀՀԿ-ի դեմ պայքարի ռեալ շանսեր ունեցող միակ քաղաքական ուժը ԲՀԿ-ն էր:

Սիմոնյանը վստահեցրեց, որ այս գործընթացը քաղաքական որևէ ենթատեքստ չի պարունակում և բացառապես իրավական գործընթաց է։ Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, Սիմոնյանն ասաց, թե փողոցը փակ է եղել, և ոստիկանները ընդամենը փողոցը բացել են, մինչդեռ տարիներ շարունակ նախկինում կիրառվել է անհամաչափ ուժ, և ԲՀԿ պատգամավորները լռել են։

Ալեն Սիմոնյանը անդրադարձավ նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ ֆեյսբուքյան էջում 2017-ինԲՀԿ-ի կողմից բաժանված ընտրակաշառքի վերաբերյալ փաստաթուղթը տարածելուն: Նրա խոսքով Առողջապահության նախարարը Հայաստանի իշխող կուսակցության վարչության անդամ է.

«Բացի ՀՀ առողջապահության նախարարը լինելուց՝ նա նաև քաղաքական գործիչ է, ինչպես ԿԳՄՍ նախարարը, ինչպես ես: Նորմալ է, որ քաղաքական կուսակցության ղեկավար կազմի անդամները արձագանքում են՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցնում»,- նշեց Սիմոնյանը:

«Պարոն Ծառուկյանը հանդիպել է պարոն Վանեցյանի հետ նույն այգում բազմաթիվ անգամ, և պարոն Վանեցյանը նույնպես դա չի հերքել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Հարցին, թե իշխանությանը չի՞ անհանգստացրել այդ հանգամանքը, Սիմոնյանն ասաց.

«ՀՀ իշխանությանն անհանգստացնում է և մտորումների տեղիք է տալիս միայն ՀՀ քաղաքացիների հետ շփումը: Թե ով որ այգում ում հետ կհանդիպի, ինչ հին քաղաքական մեռել կբերի քաղաքական դաշտ, դա չորրորդական բան է: Մեզ համար կարևորը ՀՀ քաղաքացիների հետ համագործակցությունն է»: