Ինչո՞ւ փոխվեցին ուժային կառույցների ղեկավարները. մեկնաբանում են քաղտեխնոլոգները
Աջակցիր «Ա1+»-ինՈւժային կառույցների ղեկավարները բոլորովին վերջերս փոխվեցին։ Նշանակվեցին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ (Օնիկ Գասպարյան), ԱԱԾ տնօրեն (Արգիշտի Քյարամյան), Ոստիկանապետ (Վահե Ղազարյան)։
«Ա1+»-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ, քաղաքագետ Արմեն Բադալյանը կարծիք հայտնեց՝ ԱԱԾ տնօրենի և Ոստիկանապետի փոփոխությունները մի հանգամանքով էին պայմանավորված, գլխավոր շտաբի պետինը՝ մեկ այլ։
«Հայաստանում քանի որ ստեղծվել և ամրապնդվում է անձնիշխան համակարգը, որը կառավարում է ավտորիտար մեթոդներով, նման համակարգերում ուժային կառույցների ղեկավարներ են նշանակվում վարչապետին անձնապես նվիրված կամ նրան անձնապես պարտական եղող անձինք, որոնք կկատարեն վարչապետի ցանկացած հրաման։ Սա միայն հայկական երևույթ չէ․ եթե նայում ենք Բելառուսը, այնտեղ արդեն 26 տարի է՝ նույն մարդն է (Ալեքսանդր Լուկաշենկո) իշխում, և նաև տեղի ուժային կառույցների ղեկավարներ նույնպես նշանակվում են այն մարդիկ, որոնք հավատարիմ են կամ անձնապես պարտական են այդ պաշտոնին նշանակվելու համար հենց տվյալ անձնիշխանին», - նշեց նա։
Բադալյանի խոսքերով՝ Հայաստանում 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո ժողովրդավարական համակարգ չստեղծվեց, քրեաօլիգարխիկ համակարգը վերածվեց անձնիշխան համակարգի, որն էլ գործում է իր կանոններով։
«Ինչ վերաբերում է գլխավոր շտաբի պետի փոփոխությանը, իհարկե, առիթը ամենայն հավանականությամբ կարող ենք ասել, որ որդու հարսանիքի փաստն է եղել, որը չէր կարելի անցկացնել համավարակի տարածման, արտակարգ դրության պայմաններում։ Կասկածելի էր, որ այդտեղ եկած մարդիկ կկարողանային սոցիալական դիստանցիա պահպանել, սեղանի շուրջ էին նստելու կամ եթե սեղանի շուրջ չէին նստելու, ամեն դեպքում միմյանց մոտիկ էին լինելու։ Եվ դա ցույց է տալիս, որ շտաբի պետը վարչապետի խոսքը չի կատարել․ սա արտաքին կողմն է։ Ներքին կողմը տարբեր առիթներով կարող է լինել․ ի վերջո բանակն էլ պետք է անցնի վարչապետի տոտալ վերահսկողության ներքո, որը նույնպես անձնիշխան համակարգին բնորոշ երևույթ է և այդ համակարգում աշխատող կանոներից է։ Ե՛վ շտաբի ղեկավարը, և՛ պաշտպանության նախարարը, բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ նույնպես պետք է իրենց հավատարմությունը հայտնեն տվյալ պահի գլխավոր անձնիշխանին», - շեշտեց Բադալյանը։
Քաղաքական տեխնոլոգի կարծիքով՝ եթե որևէ դիմադրական շարժում չլինի, ապա համակարգում որոշ ժամանակ հետո հնարավոր է ամրապնդվեն իր դիրքերը, չնայած դա էլ է դժվար ասել, քանի որ եթե մի երիտասարդ գործիչի նշնակում ես ԱԱԾ տնօրեն, նա քեզ կարող է հավատարիմ լինել, բայց դա չի նշանակում, որ նա կարող աշխատել և հավատարիմ դարձնել ամբողջ ԱԱԾ կառույցը, որովհետև կառույց մի բան է, ղեկավարը՝ մի։
«Կառույցում աշխատանքի ներքին կանոններ կան։ Եվ շատ մեծ հարց է՝ կկարողանա՞ կառույցը դարձնել վարչապետին հավատարիմ, թե՞ չէ․ դա խիստ կասկածելի է, եթե չասեմ, որ չի կարողանալու։ Ոստիկանության դեպքում միգուցե հնարավոր լինի, բայց ԱԱԾ-ի դեպքում հնարավոր չի լինի դա իրականացնել։ Ինչ վերաբերում է ընդհանուրին․ նրանք հավատարիմ կծառայեն, բայց արդյո՞ք դրանով կամրապնդվի իշխանությունը. այստեղ արդեն կախված է ընդդիմության գործողություններից։ Եթե գրագետ աշխատեն, այդ նշանակումները որևէ արդյունք չեն ունենա, եթե չաշխատեն, բնականաբար ինչ-որ չափով կամրապնդվի վարչապետի վարչական իշխանությունը», - եզրափակեց Արմեն Բադալյանը։
Քաղաքագետ, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ այս փոփոխությունները Նիկոլ Փաշինյանի օպերատիվ ռեակցիան են երկրում տիրող ներքաղաքական իրավիճակի փոփոխմանը:
«Ես կարծում եմ եմ՝ մի քանի բան կա, որ ստիպում է Փաշինյանին փորձել վերադասավորումներ անել նախևառաջ ուժային բլոկներում: Առաջին. ակհայտորեն երևում է, որ համավարակի հետ կապված ճգնաժամը հաղթահարված չէ, ավելին՝ համավարակի դեմ կառավարության պայքարը տապալված է: Դա Փաշինյանն է իր գնահատականներում հաստատում, երբ ասում է «դժոխքի դռան մոտով ենք անցնում... թե ճանապարհով ենք անցնում, կրիտիկական է վիճակը, առողջապահական համակարգում տեղեր չկան, որպեսզի հիվանդներ ընդունենք, մարդիկ են մահանում» և այլն: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը և իր Առողջապահության նախարարը բավականին ապոկալիպտիկ բնորոշումներ են տալիս իրավիճակին», - նշեց նա։
Երկրորդը, ըստ քաղաքագետի, Փաշինյանը հասկանում է, որ բավականին բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակ է սպասվում, որը կարող է հանգեցնել շատ լուրջ սրացումների, ընդհուպ մինչև զանգվածային սրացումների, որովհետև սոցիալ-տնտեսական իրավիճակը շատ ավելի սուր է խփելու մարդկանց գրպանին. «Երրորդ պատճառը ներքաղաքական տրանսֆորմացիաներն են: Մենք տեսանք, որ ընդդիմադիր հատվածի տարբեր ուժեր, ըստ էության, հանդես եկան գրեթե նույն բովանդակությամբ հայտարարություններով, հիմք ընդունելով, որ կառավարությունն էֆեկտիվորեն չի կարողանում վերահսկել իրավիճակը (թե՛ պանդեմիկ, թե՛ սոցիալ-տնտեսական)՝ պահանջեցին հրաժարականը և հակաճգնաժամային կառավարության ստեղծում: Ես կարծում եմ՝ ասյ երեք գործոնը ստիպեցին Նիկոլ Փաշինյանին փորձել վերահսկողության տակ վերցնել կորցրած դիրքերը: Ես կարծում եմ, որ պետական համակարգը բավականին թույլ է վերահսկվում, այսինքն՝ թույլ է կառավարվում: Եվ ամենակարևորը, ես կարծում եմ, որ Փաշինյանի համար գուցե ինչ-որ տեղ տհաճ անակնկալ էր, որ, ըստ էության, վերահսկելի չէ նաև հասարակությունը։ Այն առումով, որ անընդհատ ինչ-որ հորդորներ, հրամաններ են լինում կապված վարքագծի հետ, բայց հասարակությունն, ըստ էության, լուրջ չի վերաբերվում»:
Հակոբյանի համոզմամբ՝ պետական կառավարման համակարգը վատ և ոչ էֆեկտիվ է աշխատում, առանձնապես մեծ ազդեցություն չունի նաև հասարակության վրա։
«Եթե ժամանակին Փաշինյանն ասում էր՝ «ես խոսքով հեղափոխություն եմ արել», հիմա այդ խոսքն, ըստ էության ազդեցություն չունի մարդկանց վարքագծի վրա այնպիսի էլեմենտար հարցերում, ինչպիսիք են համավարակի դեմ միջոցառումների շարքը։ Ուժային կառույցների ղեկավարների փոփոխության մասով կար նաև որոշակի անվստահություն որոշ ուժայինների նկատմամբ։ Ինքը բողոքո՞ւմ էր, չէ՞, ասում էր՝ «ես ոնցոր թե ճիշտ, համապարփակ ինֆորմացիա չեմ ստանում իրենցից»։
Նույնիսկ ստիպված էր ֆլեշմոբը բացել, որպեսզի մարդիկ իրեն տվյալներ, տեսանյութեր, նկարներ ուղարկեին, մարդիկ ուղարկում էին։ Այսինքն՝ ինքը ստիպված էր, իրավիճակից ելնելով, ալտերնատիվ ինֆորմացիայի հոսք ունենալ: Սա ընդհանուր առմամբ ցույց է տալիս, որ ուժային կառույցների նկատմամբ էլ վերհսկողությունը այն մակարդակի վրա չէ, որ սովորաբար երկրի ղեկավարն ունենում է», - եզրափակեց Վիգեն Հակոբյանը։