Հրդեհի հետևանքները կարող էին անդառնալի լինել, եթե 23-ամյա Օնիկը ժամանակին չկողմնորոշվեր
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Համավարակի չդադարող նորությունների շղթայում շատ իրադարձություններ մնում են աննկատ` չարժանանալով ուշադրության:
Այդ չքննարկվող ու աննկատ իրադարձություններից մեկն էլ տեղի ունեցավ անցած շաբաթ Սևան քաղաքում:
Սայաթ-Նովա փողոցի շենքերից մեկում տարեց բնակչի անզգուշության պատճառով բնակարանում բռնկված հրդեհի հետևանքները գուցե լինեին անդառնալի, եթե Սևան քաղաքի բնակիչ 23-ամյա Օնիկ Բադալյանը չգործեր ժամանակին ու կազմակերպված` կողմնորոշվելով րոպեների ընթացքում:
«Նոր էի մեր շենք մտնում, երբ լսեցի ուժեղ պայթյունի ձայն,- ասում է Օնիկը և շարունակում:- Շրջվեցի և տեսա դիմացի շենքի մոտ խմբված մարդկանց, իսկ 2-րդ հարկի բնակարաններից մեկում կրակ, ծուխ, կոտրված ապակիներ: Պետք էր արագ գործել: Արագ, առանց խուճապի բարձրացա այդ բնակարան ու գործի անցա»:
Չսպասելով որևէ մեկի արձագանքին կամ հրահանգին, մինչ կժամանեին համապատասխան ծառայությունների աշխատակիցները` Օնիկը կոտրել է դուռը, ներս մտել, բնակարանից հանել տարեց մարդուն, ում հագուստը, ինչպես ինքն է նկատում, արդեն այրվում էր, ապա զբաղվել է բնակարանի այրվող հատվածները հանգցնելու գործով:
Ինչպես ականատեսներն են վկայում` Օնիկը գործել է արագ, կազմակերպված, Արցախի բանակում ծառայած զինվորին վայել:
Մի քանի րոպեում նրա կողմից կատարված աշխատանքը տվել է ցանկալի արդյունք, որի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել անդառնալի հետևանքներից և մեծ վնասներից:
Անկախ արտակարգ դրությունից` ճանաչենք և գնահատենք մեր կողքին ապրող անձանց, ովքեր սոցիալական մեծ պատասխանատվություն են ցուցաբերում ցանկացած իրավիճակում` բարձր գնահատելով հանրային շահը և ցուցաբերելով մարդկային լավագույն որակներ:
Սևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից»։