Մարուքյանը վստահում է Կառավարությանը՝ ԼՂ հիմնախնդրի հետ կապված (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հանդիպման նախաձեռնողը պատգամավորն է եղել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ երեկ էլ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին էր հրավիրել իր աշխատասենակ, որտեղ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հարցերը։
«Այսօր էլ վարչապետին էի հրավիրել, էլի նույն թեմայով, զրուցել ենք ու սուրճ խմել»,- ընդգծեց պարոն Մարուքյանը։ Թե կոնկրետ ի՞նչ հարցեր են քննարկվել, Էդմոն Մարուքյանն ասաց, թե այն հայտարարությունների վերաբերյալ, որոնք հրապարակայնորեն արվել են։
«Արցախի հարցն այն հարցն է, որ բոլորս համախմբված ենք, տարաձայնություն չկա»,- շեշտեց նա՝ ընդգծելով, որ ժամանակ առ ժամանակ կարիք կա նման հանդիպումներ ունենալ, ապա հավելեց․
«Այս պահին Արցախի հիմնախնդրով այն շահարկումները, որոնք կան փարատված են թե՛ հիմա, թե՛ ի սկզբանե»,- շեշտեց նա։ Դիտարկմանը, թե խոսքը բանակցային սեղանին փուլային տարբերակի փաստաթղթի մասին է, Էդմոն Մարուքյանը դրական արձագանքեց։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է ասել, որ կասկածները փարատվել են, Էդմոն Մարուքյանը նշեց, թե հրապարակային հայտարարություններից դուրս բան չեն քննարկել։
«Այս պահին ես մտահոգություն չունեմ Արցախի հիմնախնդրի հետ կապված, առ այն ինչ Հայաստանում անդադար շահարկվում է»,- շեշտեց նա։
Լրագրողները շարունակեցին պնդել, թե շահարկումներ ասելով ի՞նչ նկատի ունի, Մարուքյանը նախ խորհուրդ տվել մամուլի հրապարակումներին հետևել, ապա նշեց, թե ամեն օր ասում են, որ Արցախը հանձնում են։
Դա, ըստ Էդմոն Մարուքյանի, շահարկում է։