Այս հարցը նորից թափ տալու կարիք չկա․ արտգործնախարարը՝ Սերգեյ Լավրովի հայտարարության մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Թե՛ իմ, թե՛ խոսնակի մակարդակով եղել են մեկնաբանություններ: Մենք շարունակելու ենք աշխատել բնականոն: Այս հարցը նորից թափ տալու կարիք չկա»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային սեղանին փուլային տարբերակն է։
Հարցին՝ թե ընկալումների խնդիր չկա՞, արտգործնախարարն ասաց, որ այս երկու տարվա ընթացքում Ռուսաստանի հետ, որպես ԵԱՀԿ համանախագահող երկիր, այդ առումով ունեն շարունակական, ընդարձակ աշխատանք, հնարավորություններ՝ խոսելու մեր ընկալումների և դիրքորոշումների մասին:
«Հիմա մի շրջան է, երբ մեզ պետք է ուղղակի սպասել, և պահպանելով կայունությունն ու զինադադարի ռեժիմը՝ անցնել այս փուլը, և հետո նորից ներգրավվել մեր աշխատանքում, ինչպես որ ծրագրված է: Մեր վերջին հանդիպումը Ժնևում էր, բավական ինտենսիվ աշխատանքներ էին բոլոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են կարգավորմանը։ Ծրագրված բաներ ունենք, սպասում ենք, որ հնարավորություն լինի անցնելու բնականոն աշխատանքի, իսկ այս ժամանակահատվածում կապի մեջ ենք համանախագահների հետ»,- ընդգծեց Զոհրաբ Բնացականյանը։
Ինչ վերաբերում է Սերգեյ Լավրովի՝ գազի և դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ հայտարարություններին, ապա Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների օրակարգը չափազանց մեծ է:
«Եթե խնդիրներ չունենանք, ուրեմն ավելի խորքային խնդիրներ կան, ունենք հարցեր, խնդիրներ, որոնք դաշնակից, բարեկամ երկրները միմյանց հետ քննարկում են։ Մենք, համենայն դեպս, մտադրված ենք նույն ոգով աշխատել, որով աշխատել ենք վերջին երկու տարվա ընթացքում։ Գազի հարցը մեզ համար չափազանց էական է, շարունակելու ենք քննարկել Ռուսաստանի մեր գործընկերների հետ»,- ասաց արտգործնախարարը։
Հիշեցնենք, որ սույն թվականի ապրիլի 21-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Ա.Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի մասնակիցների հետ կլոր սեղանի ժամանակ ի թիվս այլ հարցերի անդրադարձել էր նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարագավորման, գազի գնին և հայ-ռուս հարաբերություններին։
Մանրամասները՝ Faktor.am-ի տեսանյութում։