Բացել լրահոսը Փակել լրահոսը
186880
A A
Հասարակություն

Դատարանը բավարարել է ԱԱԾ-ի միջնորդությունը, ՊԵԿ նախկին նախագահի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը կկալանավորվի (տեսանյութ)

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ գործարար Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու մասին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությունը։

Խաչատրյանների ընտանիքի փաստաբան Երեմ Սարգսյանը նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնեց, որ դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը:

«Այն պրոցեսները , որ տեղի ունեցան Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունից հետո, միանգամից վկայում էին այն մասին, որ կալանավորումը անխուսափելի է»:

Սարգսյանը կասկածի տակ դրեց դատարանների և դատավորների ընտրության փաստը.

«Մենք շատ յուրահատուկ զուգադիպություններ ունենք կապված դատարանների ընտրության հետ: Գագիկ Խաչատրյանի հետ կապված բոլոր միջնորդությունները, ըստ էության քննում էր մեկ դատավոր Շենգավիթ նստավայում, ու հանկարծ էնպես ստացվեց, որ այդ դատավորի արձակուրդի ժամանակ Գագիկ Խաչատրյանի կալանքի երկարացումը տեղափոխվեց այս նստավայր և մակագրվեց այն դատավորին, ով քննում էր  Գուրգեն Խաչատրյանի կալանքի միջնորդությունը: Երբ Կարեն Խաչատրյանի կալանքի հետ կապված Շենգավիթի նստավայրում գրավ կիրառվեց, հաջորդ երկարացման դեպքում նորից այս դատարանում նույն դատավորին մակագրվեց, որը  կալանքի ժամկետը երկարացրեց: Գուրգեն Խաչատրյանի գործը նույն զուգադիպությամբ նույն դատավորին մակագրվեց, և այստեղ ես ուղիղ միտում եմ տեսնում դատարանի նախագահի կողմից մակագրությունների հետ կապված, որ իր նախընտրած դատավորներին է մակագրում»:

Ինչ վերաբերում է Խաչատրյանին կալանավորելու խնդրին, Սարգսյանն ասաց , որ հունվարի 14-ից մինչ այսօր Խաչատրյանի նկատմամբ ընտրված էր ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ վերջին աղմկահարույց հայտարարությունից հետո, որոշվեց, որ նա կարող է խոչընդրոտել գործի քննությանը: Փասաբանն ասում է՝ իր համար այս փաստը զարմանալի է:

Փաստաբանը համարում է, որ տեղի ունեցածը ոչ օրինաչափ  և ուղղորդված անօրինական որոշումներ են: Սարգսյանը դատարանների անկախ գործելու հանգամանքը կասկածի տակ է դնում, պնդում է՝ անհրաժեշտության դեպքում կվիճարկեն միջազգային ատյաններում:

Ինչ վերաբերում է մեղադրանքին ավելացված մյուս դրավագին, թե  Գուրգեն Խաչատրյանը «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին առանձնապես խոշոր չափի կաշառք է տվել, փաստաբանը համարում է, որ այս մեղադրանքը չի դիմանում որևէ քննադատության և աբսուրդ է.

«Ասում են, որ կոնկրետ անձ՝ Սեդրակ Առուստամյանը փոխառություն է տվել Գուրգեն Խաչատրյանին և տոկոսները չի ստացել, հետևաբար՝ կաշառք է: Եկեք իրավիճակ պատկերացնենք, որ տոկոսները այս ընթացքում տար, արյդո՞ք որևէ մեկը կպնդեր, որ սա կաշառք է, միանգամից տրամաբանորեն ծագում է միտք, որ չէին պնդի»:

Սարգսյանը մատնանշում է այլ հանգամանքներ ևս և պնդում, որ պետությունը միջամտում է մասնավոր բիզնեսի գործունեությանը:

Հիշեցնենք, որ Գուրգեն Խաչատրյանն ավելի վաղ հայտարարել էր, թե բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով պահանջ է դրվել վաճառել Ucom-ը։

Այս հայտարարությանն արձագանքել էր վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ ով գրել էր, թե ՊԵԿ նախկին նախագահի ընտանիքն ամենատարբեր առիթներով հայաստանյան տարբեր պաշտոնյաների հետ իրենց նախաձեռնությամբ ունեցած շփումների ընթացքում պատրաստակամություն են հայտնել վերադարձնել թալանածն ու վերականգնել պետությանը պատճառված վնասը:

Նաև ընդգծել էր, որ  Կառավարությունը տեղեկություններ ունի, որ UCOM ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը և Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Միքայել Մինասյանն է: