Կորոնավիրուսից մահացած 27-ամյա պացիենտը մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում, ծայրահեղ ծանր վիճակում․ խոսնակ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվը հասել է 33-ի։
Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է իրավիճակով պայմանավորված՝ նոր թարմացումների մասին․
«Մայիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2148 դեպք, որոնցից 977-ն` առողջացած, 33-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1136 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 22177 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 82 նոր դեպք և 48 առողջացած։
Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ իգական սեռի պացիենտը եղել է 27 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»:
Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․
«27-ամյա պացիենտը մոտ մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Ունեցել է բնածին խրոնիկական ծանր հիվանդություններ։ Ցավոք, կորոնավիրուսային հիվանդությունը կտրուկ վատթարացրեց երիտասարդի առողջական վիճակը և նրա կյանքը չի հաջողվել փրկել»։