ԱԺ-ն Կառավարության ներկայացրած 3 օրինագծերն էլ ընդունեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց նաև «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է հստակեցնել գործատու-աշխատող հարաբերությունները արտակարգ դրության պայմաններում:
Ըստ փաթեթի՝ կհեշտացվի համաճարակի պայմաններում գործատու-աշխատող իրավահարաբերությունները: Սահմանվում է հեռավար եղանակով իրականացվող աշխատանքի հասկացությունը, ինչպես նաև հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հնարավորության պարագայում աշխատավարձն ամբողջությամբ վճարելու հնարավորությունը: Նախատեսվում է, որ գործատուն իրավունք չի ունենա լուծել աշխատանքային պայմանագիրը կամ կարգապահական տույժ կիրառել այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր իրավիճակով պայմանավորված՝ չեն կարողանում ներկայանալ աշխատանքի կամ ներկայանում են աշխատանքի ավելի ուշ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը ներկայացրեց առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կատարված առաջարկությունները, ապա ելույթներ ունեցան պատգամավորները։
Այնուհետև սպառելով օրակարգի հարցերը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քվեարկության դրեց այսօր քննարկված նախագծերը։
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 117 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։
Ազգային ժողովը՝ 101 կողմ, 17 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց նաև «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է թույլատրել ՀՀ կառավարությանը`կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի, հիվանդության հետեւանքների (այդ թվում նաեւ` տնտեսական) չեզոքացման և վերացման նպատակով փոփոխություններ կատարել ՀՀ 2020 թ․-ի պետական բյուջեում` ապահովելով հիվանդության դեմ պայքարի համար անհրաժեշտ գործիքակազմով:
Ավելի վաղ նշել էինք, որ «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկելու, իսկ «Բարգավաճ Հայաստանը» և «Իմ քայլը» խմբակցությունները՝ կողմ։ Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ՝ 87 կողմ, 16 դեմ, 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց նաև «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Կառավարությունն առաջարկում է հստակեցնել պարետի և պարետատան կարգավիճակը, պարետի կողմից ընդունվող ակտերի բնույթը: