Պաշտոնական տվյալներով ամենաշատ վարակվածները Բաքվից են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանում այսօրվա դրությամբ պաշտոնապես նշվում է կորոնավիրուսի վարակման 1645 դեպքի մասին, մահերի թիվը 21 է, բուժվածները՝ 1139: Առկա տնտեսական իրավիճակը ակնհայտ է դարձնում, որ Ադրբեջանը թուլացնում է կարանտինային ռեժիմը: Այս մասին «COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում և հնարավոր զարգացումներ» թեմայով հեռավար խորհրդարանական քննարկման ընթացքում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ Ադրբեջանի Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ երկիրը օրական 70-90 մլն դոլար է ծախսում տնտեսական իրավիճակը հաղթահարելու համար: Հայրապետյանը նշեց՝ ուսումնասիրելով սոցցանցերում ադրբեջանցիների գրառումներին, հետևելով տրամադրություններին՝ եզրակացրել է.
«Ադրբեջանում բավականին դժգոհ են իշխանության սոցիալական միջոցառումներից, ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունից, ավելին՝ նշում էին, որ հավուր պատշաճի որևէ քայլ չի ձեռնարկվել»:
Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ այս ժամանակահատվածը Ադրբեջանի իշխանութունները օգտագործեցին միայն ընդդիմությանը դավաճանության մեջ մեղադրելու համար:
«Բոլոր նրանք, ովքեր փորձում էին քննադատել իշխանությունների գործելաոճը համարվում էին դավաճաններ»:
Պատգամավորը շեշտեց, որ Ադրբեջանի այս գործելաոճը քննադատել է նաև ԵԽԽՎ-ն:
Լուրեր են պտտվում նաև ադրբեջանական բանակում կորոնավիրուսի վարակի տարածման մասին,-նշեց պատգամավորը՝ հավելելով, որ սա հաստատված տեղեկատվություն չէ, շրջանառվում է սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում:
Հայրապետյանն անդրադարձավ նաև հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին, նշեց, որ ՊԲ-ից ճշտել է, որ իրավիճակն այս պահին հանգիստ է, թեև որոշակի կրակոցների աճ կա, բայց վտանգավոր միտումներ կամ անհանգստացնող երևույթներ չկան, ինժեներական աշխատանքները պլանային բնույթ են կրում:
Ինչ վերաբերում է անօդաչու թռչող սարքերին, Հայրապետյանն ասաց, որ դրանք ևս պլանային բույթ են կրում, ուղղակի դրանցից մեկը խախտել է արցախյան սահմանը և համապատասխան ճակատագրի արժանացել:
Առցանց քննարկմանը մասնակցող ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ պաշտոնական տվյալներով ամենաշատ վարակվածները Բաքվից են:
Նախիջևանի հետ կապված, ըստ Հովհաննիսյանի, կա հակասություն՝ պաշտոնական տվյալները հակասական են և դժար է հստակ ասել՝ քանի մարդ կան այնտեղ վարակված: