Ինչպիսին է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Վրաստանում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյս պահին Վրաստանում կա 496 վարակակիր, 6 մահվան դեպք, կարանտինում գտնվող 5000 մարդ: Վրաստանում այս պահին տիրում է կարգապահություն: Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած «COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում և հնարավոր զարգացումներ» թեմայով հեռավար խորհրդարանական քննարկման ընթացքում ասաց Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Սադոյանը։
Նրա խոսքով՝ Վրաստանում ապրիլի 27-ից սկսած՝ փուլ առ փուլ կհանվեն կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները։
«Ամեն փուլը կտևի 2 շաբաթ։ Իրավիճակի վատթարանալու դեպքում, հնարավոր է՝ վերականգնվեն սահմանափակումները»,- ասաց Սադոյանը։
Դեսպանի խոսքով՝ Հայաստանում այս պահին արվում է մի քանի անգամ ավելի շատ թեստ, քան Վրաստանում, իսկ մահացության թվով Վրաստանը եվրոպական երկրների շարքում ունի ամենալավ ցուցանիշը։
Վրացագետ Ջոնի Մելիքյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու են Վրաստանում հիվանդները ավելի քիչ, ընդգծեց, որ դեռևս հունվարի 28-ին Վրաստանում ստեղծել է միչգերատեսչական հանձնաժողով, և ի սկզբանե սկսեցին կիրառվել սահմանափակումներ:
Ըստ վրացական աղբյուրների՝ իրենք մինչ այս պահը արել են 12000 թեստ, միգուցե եթե ավելի շատ թեստեր արվեին, վարակակիրների թիվը ավելի շատ լիներ,-շեշտում է Մելիքյանը:
Միևնույն ժամանակ ընդգծում է՝ վարակի առավել մեծ թափով տարածմանը վտանգը դեռևս առկա է:
Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, Մելիքյանն ասաց, որ կորնավիրուսի տարածումը ընդդիմությանը և իշխանությանը ստիպել է մի կողմ դնել ներքաղաքական լարվածությունը:
Վրացագետը խոսեց նաև Վրաստանում բնակչությանը աջակցելու տնտեսական և սոցիալական ծրագրերի մասին: Ընդգծեց, որ Վրաստանում այս պահին ճգնաժամ դեռևս չկա:
Վրաստանում ՀՀ դեսպանը շեշտեց, որ կանխարգելիչ գործողությունները Հայաստանը և Վրաստանը սկսել են իրականացնել միաժամանակ: