Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed (5)
A A
Քաղաքականություն

Ապրիլի 2-ից մինչև 5-ը եղել է 75 զոհ․ Լևոն Մնացականյանը մասնակցել է քննիչ հանձնաժողովի նիստին (տեսանյութ)

Ազգային ժողովում քիչ առաջ ավարտվեց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը։ Այն տեւեց մոտ 4 ժամ։

Այսօրվա հյուրն Արցախի Հանրապետության ոստիկանապետ Լևոն Մնացականյանն էր, որը քառօրյայի ժամանակ զբաղեցնում էր Արցախի պաշտպանության նախարարի-Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանդիպումը արդյունավետ գնահատեց։ «Հանձնաժողովը ստացել է շատ անկեղծ պատասխաններ, կարող եմ ասել, որ հանձնաժողովի համար շատ կարևոր էր այսօրվա շատ անկեղծ շփումը։ Նույնիսկ հարցաշարի մեջ չներգրավված հարցեր ենք ուղղել և խոսել դրանց շուրջ։ Հանձնաժողովի աշխատանքները միտված է լինելու անվտանգության համակարգի ուժեղացմանը»,- նկատեց Անդրանիկ Քոչարյանը։

Լրագրողը Լևոն Մնացականյանից հետաքրքրվեց, թե ինքն ինչպե՞ս է գնահատում հանձնաժողովի աշխատանքը, և ի՞նչ խնդիրներ են եղել ապրիլյան պատերազմի ժամանակ, ինչին ի պատասխան պարոն Մնացականյանն ասաց․ «Ես տվել եմ բոլոր հարցերի պատասխանները, որը հուզել է հանձնաժողովին։ Ցանկացած հարց ստացել է իր պատասխանը։ Պարոն Քոչարյանը նշեց, որ հարցուպատասխանը եղել է անմիջական, անկեղծ ենք եղել, ներկայացրել ենք այն իրականությունը, ինչը եղել է ապրիլյան գործողությունների ժամանակ»։

Հարցերին, թե բացթողումները կարո՞ղ էին էական նշանակություն ունենալ պատերազմի ընթացքի վրա, կարո՞ղ է կասկածի տակ դրվել հայկական կողմի հաղթանակը, պարոն Մնացականյանը բացասական պատասխաններ տվեց։

«Պաշտպանության բանակը կատարել է իր առաջ դրած խնդիրը, հաղթանակել է։ Ցանկացած տեղ էլ անելիքներ կան, ինչքան շատ անենք, այնքան անելիքները ավելի շատ են։ Պաշտպանության բանակը այդ ուղղությամբ աշխատում է»,- նշեց նա։ Հարցին, թե օպերատիվ հետախուզական տվյալների պակաս եղե՞լ է, պարոն Մնացականյանը չպատասխանեց, ասելով՝ եթե անհրաժեշտություն լինի, հանձնաժողովը կներկայացնի։

Լևոն Մնացականյանը պնդեց, որ իրենց առաջ դրված խնդիրը կատարել են, և ճակատագրական սխալ լիենլու մասին խոսք լինել չի կարող։ Դիտարկմանը, թե հայկական կողմը 100-ից ավելի զոհ է ունեցել, պարոն Մնացականյանն ասաց․ «Ապրիլի 2-ից մինչև 5-ը 100-ից ավելի զոհ չի եղել, եղել է 75 զոհ, որից 35-ը ժամկետային զինծառայողներ են եղել»։

Հարցին՝ Հայաստանն այդ օրերին 400՞, թե՞ 800 հա տարածք է կորցրել, Լևոն Մնացականյանն ասաց, որ իրենց հաշվարկով 400-ը։ Պարոն Մնացականյանից հետաքրքրվեցին, թե իր բացթողումը ո՞րն է եղել, ինչին նա արձագանքեց․ «Իմ մասով էլ կա բացթողում»։ Այլ հարցերի նա չպատասխանեց։

Տեսանյութերը՝ Factor.am-ի