Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ի՞նչ ազդեցություն ունեցավ կորոնավիրուսը ՀՀ-Իրան հարաբերությունների վրա (տեսանյութ)

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր նախաձեռնել էր առցանց քննարկում՝ «Նոր կորոնավիրուսի տարածման ազդեցությունը տարածաշրջանի վրա» թեմայով:

Քննարկմանը մասնակցում են նաև Վրաստանում և Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանները:

Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, խոսելով Իրանում այս պահին առկա իրավիճակի մասին, ասաց, որ կորոնավիրուսի առաջին դեպքերի հայտնաբերումից արդեն 69 օր է անցել։

«Առաջին դեպքերի հայտնաբերումից ուղիղ երկու օր հետո Իրանում տեղի ունեցան խորհրադարանական ընտրություններ, եթե ասեմ, որ հետագա զարգացումները սրընթաց եղան, համարյա բան չեմ ասի, Ղոմ քաղաքից վարակը շատ արագ տարածվեց բոլոր նահանգներում, և թվերը շատ դինամիկ զարգացումներ ունեցան»:

Դեսպանը հայտարարեց, որ դեպքերի հայտնաբերումից անմիջապես հետո Իրանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է եղել Իրանում գտնվող մեր քաղաքացիների,  ինչպես նաև հայաստանյան պետական մարմինների հետ:

Թումանյանը ներկայացրեց՝ ինչ քայլեր են կատարվել Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան քաղաքացիների տեղափոխումը ապահովելու համար:

«Մինչև այսօր շուրջ 850 ՀՀ քաղաքացու մենք ուղեկցել ենք Հայաստան: Երկու վարակակիրները , ովքեր տեղափոխվել էին Հայաստան, բուժվել են»:

Քննարկմանը մասնակցող իրանագետ Գորհար Իսկանդարյանը շեշտեց, որ Իրանի Իսլամական հանրապետությունը իր պատմության մեջ առաջին անգամ դիմեց Միջազգային արժույթի ֆոնդին 5 մլրդ դրամի փոխառություն ստանալու նպատակով, որպեսզի արդյունավետ պայքարի կորնավիրուսի դեմ.

«Միջազգային արժույթի ֆոնդում ամենաազդեցիկ երկիրը ԱՄՆ-ն է, և վերջնական խոսքը պատկանում է նրան, եթե ԱՄՆ-ը թույլ տար Իրանին ստանալ իր ցանկացած գումարը, կարող էինք արձանագրել Իրան-ԱՄՆ-հարաբերություններում որոշակի դրական դինամիկա, որը տեսականորեն հնարավոր էր»:

Իսկանդարյանը հատկապես շեշտեց, որ Իրան-ԱՄՆ հարաբերությունները սրվեցին Պարսից ծոցում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, երբ ԱՄՆ ռազմածովային ուժերի կենտրոնակայանը հայտարարեց, որ Իրանի ռազմածովային ուժերը մոտեցել են ԱՄՆ նավերին 10 մետրով, ինչը վտանգավոր է: Թրամփն էլ իր հերթին կարգադրեց Պարսից ծոցում կանգնած ամերիկյան ուժերին ոչնչացնել իրանական այն նավերը, որոնք վտանգավոր ձևով կարող են մոտենալ ամերիկյան նավերին:

Իսկանդարյանը շեշտեց, որ հստակ է՝ Իրանը տարածաշրջանային գերտերության հայտ է ներկայացրել և փորձելու է ամեն գնով այն պահպանել: 

Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին, իրանագետը ընդգծեց, որ Հայաստանը և Իրանը ունեն բազմաթիվ տնտեսական ծրագրեր, որնց մեծ մասը այս պահին սառեցված է.

«Ակնհայտ է, որ թե՛ կորոնավիրուսի տարածումը , թե՛ ԱՄՆ-ի պատժամիջոցների ավելացումը, լարվածությունը հավելյալ խնդիրներ են առաջացնելու այս ծրագրերի կյանքի կոչման համար, և հավելյալ աշխատանքների անհրաժեշտություն է լինելու»:

Քննարկմանը մասնակցող ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի պնդմամբ՝ կորոնավիրուսի տարածման առաջին օրերից սկսած Իրանի նկատմամբ իրականացվում էր ակնհայտ քարոզչական գրոհ:

Ինչ վերաբերում է Իրանում կորնավիրուսի դեմ պայքարին, Ոսկանյանը կարծում է, որ իրանցիներն այդ պայքարում օգտագործում են իրենց ողջ ներուժը: Ըստ նրա՝ համավարակը Իրանում տարածվել է բնակչության գործողությունների հետևանքով:

«Իրանցիները բավական արդյունավետ օգտագործեցին հատկապես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ունեցած հնարավորությունները, համավարակի դեմ պայքարում առաջամարտիկը հենց այս կառույցն էր»:

ՀՀ-Իրան հարաբերություններում Ոսկանյանը կարևորեց, որ բեռնափոխադրումները և տնտեսական մի շարք այլ հարաբերությունններ շարունակվում են:

Շեշտեց, որ ՀՀ-Իրան սահմանը երբեք չի փակվել, սահմանփակվել է այդ սահմանով բնակաչության տեղաշարժը: