Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ստյոպա Սաֆարյան
A A
Հասարակություն

Ստյոպա Սաֆարյանը՝ իր հարազատներին ծեծողներին հայտնաբերելու և բերման ենթարկելու մասին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սահմանադրական կարգի տապալման գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի հարազատների նկատմամբ գիշերը բռնություն գործադրելու դեպքին։

Պատգամավորը տեղեկացրել է, որ դեպքի ընթացքն իր հետևողական ուշադրության ներքո են, ինքը խոսել է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ, դեպքի մանրամասները ճշտվում են, հիմնական մեղավորները հայտնաբերված են։

«Եթե զուտ կենցաղային կռիվ է (որին, անկեղծ ասած, թերահավատորեն եմ մոտենում), կպատժվեն համապատասխանաբար, բայց եթե այս ծեծն ու սադրանքն ունեն քաղաքական շարժառիթ, ապա պետք է գտնել ոչ միայն մեղավորներին, այլ նաեւ դրանց հովանավորներին և հանցագործ այս ողջ շղթան, դատավոր ու փաստաբան վախեցնողների այս ոհմակը ամենախիստ պատասխանատվության առաջ կկանգնի»,- գրել է տիկին Աբրահամյանը։

«Ա1+»-ին չհաջողվեց կապ հաստատել Սեդա Սաֆարյանի հետ, սակայն վերջինիս եղբայրը՝ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը մեր հարցին ի պատասխան, թե ի՞նչ տեղեկություն ունի, բռնություն գործադրողները բերմա՞ն են ենթարկվել, ասաց, որ ինքը դեռ տեղեկություն չունի։

«Բաժնի պետը խոստացել է տեղեկություններ փոխանցել, բայց ես որևէ տեղեկություն դեռևս չունեմ»,- ասաց պարոն Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ երեկ գիշեր ժամը՝ 22։ 30- 23։00-ն ընկած սահմանում Երևանի Մուշ Թաղամասում ծեծել են Սահմանադրական կարգի տապալման գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, վերջինիս ծնողներին ու քրոջը։