Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Մարտի տվյալներով՝ փետրվար ամսվա համեմատ արձագանգրվել է աշխատողների աճ, ոչ թե նվազում․ ՊԵԿ նախագահ (տեսանյութ)

Կառավարությունում հրավիրված ասուլիսին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեցին, թե տնտեսվարողներն արդյոք կարո՞ղ են փոխել տնտեսական դասիչը, քանի որ շատերը հաշվետվություն ներկայացնելիս սխալ են նշում տնտեսական գործունեության դասակարգիչը, ինչի պատճառով դուրս են մնացել տնտեսական աջակցության ծրագրերից։

ՊԵԿ նախագահն ասաց, որ նման խնդիրների հետ հիմնականում առնչվում են Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման ժամանակ։

«Կառավարության որոշումը, որը կարգավորվում է 8-րդ միջոցառման դրույթների կարգը, նախատեսում է, որ 2020թ․-ի ապրիլի 1-ի դրությամբ հայտարարված գործունեության տեսակների դասակարգչով է որակվելու այս կամ այն տնտեսվարողը՝ այդ գործունեության տեսակով զբաղվող կամ ոչ։ Բազմաթիվ են այն դեպքերը, երբ մեզ ասում են, որ տնտեսավարողները այդքան էլ լուրջ չեն վերաբերել իրեն գործունեության տեսակների՝ դասակարգչով բաղդատելու օրենսդրական պահանջին, և այսօր նման խնդիրներ ունեն»,- ասաց պարոն Անանյանը։

ՊԵԿ նախագահը հավելեց, որ Կառավարությունը քննարկում է այն հնարավորորությունը, թե ինչ մեթոդներով կարող են տնտեսվարողներին հնարավորություն տալ ճշտված հաշվետվություններ ներկայացնելու միջոցով ճշգրտեն նաև իրենց գործունեության տեսակը։

Մյուս հարցին, թե մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարողներին հարկային արտոնություն կտրվի՞, որովհետև նրանք այս ընթացքում չեն աշխատել, ՊԵԿ նախագահը պատասխանեց․

«Կառավարության դիրքորոշումն այնպիսին է, որ հարկային արտոնությունները, որոնք ենթադրում են հարկերի չեղարկում, կասեցում, կամ ներում, չեն քննարկվում այսօր։ Կարող են քննարկվել հարկային արձակուրդներ տրամադրելու միջոցառումներ, որի վառ ապացույցը երեկ Հարկային օրենսգրքում կատարած փոփոխություններն են»,- նշեց նա։

ՊԵԿ նախագահից հետաքրքրվեցին նաև, թե արտակարգ դրության հայտարարումից ի վեր որքա՞ն է պակասել գրանցված աշխատողների թիվը և որքա՞ն է հիմա կազմում։ ՊԵԿ նախագահն ի պատասխան ասաց, որ մարտ ամսվա տվյալներով՝ փետրվար ամսվա համեմատ արձագանգրվել է աշխատողների աճ, ոչ թե նվազում։ Խոսքը շուրջ 3800 աշխատատեղերի մասին է։ Ըստ նրա՝ իրական պատկերը պարզ կլինի մայիսի 20-ից հետո, երբ ունենան ապրիլի եկամտային հաշվարկներում արտացոլված տեղեկատվությունը։