Բացել լրահոսը Փակել լրահոսը
ccb79de78f7a06eb7f57f0df09b
A A
Քաղաքականություն

Պետպատվերով բժշկական օգնություն ստացողների շրջանակն ընդլայնվեց (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում  որոշում ընդունվեց պետական պատվերով բժշկական օգնություն ստացողների շրջանակն ընդլայնել։ Հարցը ներկայացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

2013-ից սկսած՝ զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները մատուցվող բուժծառայությունը ստանում են  պետպատվերի շրջանակներում: Փաթեթն ընդլայնվեց, և պետպատվերից կարող են օգտվել նաև սպայական անձնակազմը և նրանց ընտանիքի անդամները:

«Վերջին երկու տարիներին մեր բարեփոխումների արդյունքում ստացվել էր այնպես, որ մեր ժամկետային զինծառայողների ծնողները իրենց բարդ և թանկարժեք վիրահատությունների մասով պետությունից ստանում էին 100 տոկոս փոխհատուցում, իսկ պայմանագրային զինծառայողները և սպայական անձնակազմը բարդ և թանկարժեք տեխնոլոգիաներով բուժօգնություն ստանալիս օգտվում էին միայն համավճարային փոխհատուցումից։ Դրանք սրտի, գլխուղեղի և այլ բարդ վիրահատություններն են: Կարծես թե ստացվել էր անհավասար իրավիճակ, որը փորձում ենք ուղղել։ Կունենանք ավելի արդար վերաբերմունք հազարավոր զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց՝ ոստիկանների, ԱԱԾ աշխատակիցների, ԱԻՆ աշխատակիցների և նրանց ծնողների նկատմամբ»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Վարչապետը նոր որոշումների պարագայում հատկապես կարևորեց բնակչության պատշաճ իրազեկումը:

Հետաքրքրվեց, թե ո՞ր դեպքում պետք է սպայական անձնակազմը, ժամկետային զինծառայողը կամ նրանց ընտանքի անդամները բժշկական որոշակի ծառայությունների դիմաց վճարեն: Նախարարը հստակեցրեց, որ օրինակ, եթե կոնքազդրային հոդի պրոթեզավորում է իրականացվելու, պրոթեզի գումարը պետպատվերի մեջ չի մտնում, փոխատուցվում է միայն վիրահատության գումարը, ատամնաբուժական ծառայությունները ևս չեն փոխհատուցվում: