Ի՞նչ օգնություն է տրամադրվելու գյուղատնտեսության ոլորտին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումն ընդգրկում է գյուղատնտեսության ոլորտը։ Ըստ այդ ծրագրի՝ նախատեսվում է մինչև 1 մլն դրամի միկրովարկեր տրամադրել՝ 0% տոկոսադրույքով, որը կխթանի գյուղատնտեսության ոլորտում ֆիզիկական անձանց գործունեությունը։
Կառավարությունում հրավիրված ասուլիսին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ այս ծրագրի շրջանակում 13 000-ից ավել հայտ է ստացվել, որի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 27,6 մլրդ դրամ։ Ըստ նրա՝ այսօրվա դրությամբ հաստատվել է 2943 հայտ, ընդհանուր 4, 34 մլրդ դրամ արժեքով։
Գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողների համար միայն այս միջոցառումով չեն սահմանափակվում․ վերջիններս կարող են օգտվել նաև Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումից։
Ըստ Արման Խոջոյանի՝ այդ ծրագրի շրջանակում գյուղատնտեսական ոլորտում գործող կազմակերպություններից վարկ է տրամադրվել 10-ին, ընդհանուր 694 մլն դրամ արժեքով։
«Եթե ընդհանրացնենք, ապա 20 օրվա ընթացքում 4,7 մլրդ դրամ վարկ է տրամադրվել»,- ասաց պարոն Խոջոյանը։ Ըստ փոխնախարարի՝ այս փուլում քննարկում են նաև գյուղատնտեսական ոլորտին վերաբերող պետական օժանդակության այլ ծրարգրեր և կարիքների հավաքագրման արդյունքում վերանայում և ձևափոխում են գործող ծրագրերը, փորձում են հասանելի և կիրառելի դարձնել ֆերմերների ու վերամշակողների համար։
Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի շրջանակում նախատեսվում է առաջիկա երկու ամսվա ընթացքում առնվազն 30 դրամաշնորհային ծրագրերի տեսքով օժանդակություն տրամադրել առնվազն 30 վերամշակող կազմակերպությունների, արտադրական կարողությունների վերազինման և սննդի անվտանգության պայմանների բարելավման համար։
«Սա միտված է, որպեսզի մենք ավելի մրցունակ լինենք արտաքին շուկայում։ Այս ծրագրի շրջանակում ոչ միայն սննդի անվտանգության պայմաններն են բարելավվելու, այլև համապատասխանեցվելու են միջազգային պահանջներին։ Միջոցառման ընդհանուր գումարը կազմելու է շուրջ 550 մլն դրամ։ Մրցույթն արդեն հայտարարվել է, կարծում ենք, որ մեկ ամսվա ընթացքում կկարողանանք այդ դրամաշնորհները հասանելի դարձնել վերամշակողներին»,- ասաց փոխնախարարը։
Այս ծրագրի շրջանակում 39 կոոպերատիվի տարվա ընթացքում տրամադրվելու է շուրջ 190 միավոր գյուղտեխնիկա։ Ըստ Արման Խոջոյանի՝ նախոր տասը օրերին մի խմբաքանակ տրամադրվել է։
Առաջիկա երկու ամիսների ընթցաքում ևս 41 միավոր գյուղտեխնիկան հասանելի կլինի 11 համայնքների համար։ Եվրոպական միության «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում Հայաստանին կտրամադրվի 460 000 եվրո օգնություն։ Ծրագիրը ներառում է գյուղատնտեսական փոքր ծավալի սարքավորումների, գյուղտեխնիկայի, ներդրանքների, գործիքների տրամադրում, ինչպես նաև աջակցություն հետբերքահավաքային գործընթացներին։
Մանրամասները՝ տեսանյութում։