Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԿԳՄՍ
A A
Հասարակություն

Ուսուցիչներին զարմացրել է նախարարության նոր պահանջը․ նրանք ստիպված են դպրոց գնալ

Ուսուցիչները մինչև  ապրիլի 20-ը  էլեկտրոնային մատյանում պետք է լրացնեն երկրորդ կիսամյակի սկզբից մինչև մարտի 13-ը նշանակված գնահատականները։

ԿԳՄՍ  նախարարության որոշումն ուսուցիչների շրջանում դժգոհություններ  է առաջացրել։ Երեկվանից   սոցիալական հարթակներում տարբեր քնարկումներ են։

Ուսուցիչների մի մասն  ընդգծում է, քանի որ Dasaran.am կայքում գնահատականների լրացումը պարտադիր պայման չի եղել, ոչ բոլորն են գնահատականները լրացրել այդ հարթակում և հիմա ստիպված են գնալ դպրոց՝ մատյաններից  գնահատականները նոր առաջարկված կայքում լրացնելու համար:  Նրանք, ովքեր լրացրել են, զարմանում են՝ հնարավո՞ր չէ արդյոք   Dasaran.am կայքում գրանցված տեղեկատվությունը ավտոմատ տեղափոխվի emis.am կայք։

Խնդրի վերաբերյալ «Ա1+»-ը զրուցեց ԿԳՄՍՆ խոսնակ Օֆելյա Կամավոսյանի հետ: Վերջինս նշեց, որ հաշվի առնելով ուսուցիչների մեծ մասի ծանրաբեռնվածությունը` նախարարությունը հորդորել էր տնօրեններին գործընթացը կազմակերպել օպերատորների, դասաժամեր չունեցող կամ պակաս ծանրաբեռնված ուսմասվարների և այս ընթացքում ուսուցիչների` որևէ աշխատանքում չընդգրկված օգնականների միջոցով։

Ըստ նրա՝ բնավ պարտադիր չէ այս իրավիճակում բոլորի ներկայությունը դպրոցներում։

«Ինչ վերաբերում է ավտոմատ տարբերակով տվյալների փոխանցմանը, ապա դրան կդիմենք այն դեպքում, երբ համոզվենք, որ անհնար է նշված ժամկետում լրացնել էլեկտրոնային մատյանները։ Քիչ առաջ զանգահարել էր 60-անց մի դասվար, մատյանը լրացնելու հետ կապված հարց ճշտգրելու համար, և ասաց, որ արդեն ավարտել է տվյալների փոխանցումը։ Այսինքն, սա ապացույց է, որ ցանկության դեպքում արագ և օպերատիվ հնարավոր է կազմակերպել աշխատանքը։ Իսկապես նոր իրողություններ են, բոլորս ենք աշխատում գերլարված և սովորականից ավելի ծանրաբեռնված ռեժիմով»,- ասաց նա։

Թեև խոսնակը նշում է, որ բնավ պարտադիր չէ բոլորի ներկայությունը դպրոցում, այսօր շատ ուսուցիչներ ստիպված են եղել այցելել դպրոց՝ նախարարության պահանջը ճիշտ ժամանակին կատարելու համար: Շատերն էլ, հաջորդ օրերին են գնալու։