Արցախում աստիճանաբար կկիրառվեն նույն սահմանափակումները, ինչ Հայաստանում. Պարետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ունենք վարակի երեք աղբյուր, որոնցից երկուսը ամբողջությամբ վերահսկելի և սահմանափակված են, մյուսի ուղղությամբ շարունակում ենք աշխատել»:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար, Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանը՝ նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցելուց հետո։
Հարցին, թե ռիսկային չէ՞ այս պայմաններում ընտրություններ անցկացնելը, Մարտիրոսյանն ասաց, որ բոլոր պայմաններն ապահովված են՝ վարակի հետագա տարածումը կանխելու համար:
Արցախում աստիճանաբար և ըստ անհրաժեշտության՝ կկիրառվեն բոլոր այն սահմանափակումները, որոնք այսօր գործում են Հայաստանում, -վստահեցրեց Արցախի պարետը:
Ինչ վերաբերում է թեստավորումներին, Մարտիրոսյանն ասաց՝ Արցախում թեստավորման հետ կապված հարցերը լուծվում են` ՀՀ իշխանությունների մեծ աջակցությամբ․ այս պահին ունեն անհրաժեշտ բոլոր միջոցները՝ իրավիճակը վերահսկելի պահելու համար.
«Ինքնանպատակ չի Արցախում թեստավորում իրականացնելը: Մենք այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ տանում ենք, ինչ-որ փուլում այդ հնարավորությունը կստեղծվի, բայց որեւէ խոչընդոտ կամ վնաս, որ թեստերը ուղարկում ենք Հայաստան եւ ստանում պատասխան, որեւէ խնդիր այդ առումով չունենք՝ ոչ ժամկետների, ոչ քանակի առումով»։
Պարետը տեղեկացրեց, որ Արցախում կան արագ թեստեր, բայց դրանց վստահելիության, ճշգրտության հետ կապված խնդիրներ կան, հետևապես՝ այս փուլում գոնե նախընտրելի է թեսթի արդյունքների մշակումը Հայաստանում կատարել:
Պարետը նաև հավելեց,որ այս պահին քննարկվում է Արցախում ազատ տեղաշարժի սահմանափակումներ մտցնելու հարցը.
«Հավանաբար, սկզբից կկիրառվեն առանձին տարածքների համար սահմանափակման որոշումներ, անհրաժեշտության դեպքում այն կտարածվի Արցախի ամբողջ տարածքի վրա»:
Անդրադառնալով հարցադրմանը, թե չպե՞տք է արցախցիների համար վարկային արձակուրդի հանարվորություն տրվի, պետնախարարն ասաց, որ վարկային արձակուրդների հնարավորություն Արցախում կա և հիշեցրեց, որ որ Արցախի և Հայաստանի ֆինանսական համակարգերը մեկ ամբողջական համակարգի մաս են կազմում.
«Այսինքն, Արցախում գործում են ՀՀ բանկերի մասնաճյուղերը, եւ դրանք առաջնորդվում են Կենտրոնական բանկի ընդհանուր կանոններով: Այդ առումով մենք մեկ դաշտում ենք գտնվում: Երկրորդ, պետական վարկավորման կառույցների միջոցով, օրինակ` Արցախի ներդրումային հիմնադրամի, գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից վարկավորման դեպքում, մենք այդ որոշումն արդեն ընդունել ենք և հնարավորություն ենք ստեղծել մեր տնտեսվարող սուբյեկտներին վարկային արձակուրդից օգտվելու համար»: Մարտիրոսյանը նաև տեղեկացրեց, որ աշխատում են վնասները չեզոքացնելու կամ նվազեցնելու ուղղությամբ:
Ընդունվելու են սոցիալական բնույթի վնասները չեզոքացնելու միջոցառումներ, որոնք նախատեսում են գրեթե այն միջոցառումները, որոնք Հայաստանում են կիրառվում:
«Օրինակ՝ հղի կանանց միանվագ նպաստ, որոնց ամուսինները աշխատանքը կորցրել են եւ այլն: Նաեւ մեր կողմից արդեն շրջանառության մեջ է դրված գյուղատնտեսության ոլորտի թվով 6 միջոցառումներ, որոնք ուղղված են և տնտեսական վնասների վերականգնմանը, ինչպես նաեւ պարենային ապահովության աստիճանի բարձրացմանը, հատկապես այս գարնանացանի ժամանակահատվածում: 1-2 օրվա ընթացքում այդ որոշումները կստորագրվեն եւ կհրապարակվեն»:
Մյուս շաբաթվա սկզբին կներկայացվեն նաև տնտեսական աջակցության ծրագրեր: