Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բակո Սահակյան
A A
Քաղաքականություն

Արդարացված քայլեր են․ Բակո Սահակյանը՝ արտակարգ իրավիճակում ընտրություններ անցկացնելու մասին (տեսանյութ)

Արցախում այսօր, կորոնավիրոսի պատճառով հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում, շարունակվում է ընտրությունների երկրորդ փուլը: Տեղամասերից մեկում իր քաղաքացիական պարտքը կատարեց նաև Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը:

Վերջինս լրագրողների հետ զրույցում հաջորդ նախագահին մաղթեց, որ իր առաքելությունը իրականացնի պատասխանատվությամբ:

«Մենք փորձել ենք, միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում համադրել եւ հիմա էլ համադրում ենք ողջամիտ գործողություններ իրականացնելը՝ նպատակաուղղված մեր քաղաքացիների առողջությունը ապահովելուն, և զուգահեռ ամեն ինչ անում ենք, որպեսզի տնտեսությունը անկում չապրի»:

Բակո Սահակյանը պնդեց՝ հաշվի են առել ընտրությունների հետ կապված ռիսկերը և հնարավորություն են ստեղծել, որպեսզի բացառվեն լրացուցիչ ռիսկերը:

Հարցին, թե ինչո՞ւ են սահմանափակումների պայմաններում իրականացվում ընտրություններ, Սահակյանն արձագանքեց.

«Մենք գործում ենք Սահմանադրության պահանջներին համապատասխան և ամբողջությամբ արդարացված և հիմնավոր եմ համարում պետության կողմից գործադրված քայլերը։ Հակասություններ չեմ տեսնում, ճիշտ հակառակը՝ գործել և գործում ենք իրավիճակի պահանջներին համապատասխան․ մեր գործողությունները նպատակ են հետապնդում ստեղծելու մեր հայրենիքի համար նպաստավոր պայմաններ՝ և՛ այսօր, և՛ վաղը ապահովելու մեր երկրի զարգացումը, անվտանգությունը,  տնտեսության զարգացումը և մեր հասարակական հարաբերությունների ապահովումը»:

Արցախի նախագահն ասաց, որ ամեն ինչ արել են, որ ընտրատեղամասերում կուտակումներ չլինեն։ Ենթադրվում էր, որ ընտրությունների երկրորդ փուլում քվեարկողներն ավելի քիչ են լինելու:

Հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հարցադրանն ի պատասխան և նաև անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանի այն հայտարարությանը, թե Քոչարյանի ապօրինի կալանքը կարող է բացասաբար ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա՝ Արցախի նախագահն ընդգծեց, որ հայ-ռուսական հարաբերությունները դաշնակցային, եղբայրական հարաբերություններ են, որի հիմքը դրվել է դարեր առաջ։ Նա համոզմունք հայտնեց, որ այս շրջանում հատկապես այդ բարեկամությունը շարունակական է լինելու:

Ինչ վերաբերում է հարցին, թե հրավեր ստացել  է մասնակցելու Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, Սահակյանն ասաց՝ հրավեր չի ստացել, բայց ցանկացած պարագայում պատարստակամ է նպաստելու հանձնաժողովի աշխատանքների տրամաբանական ավարտին:

«Սերժ Սարգսյանը տվել է իր համաձայնությունը այդ հանձնաժողովի նիստին մասնակցելու և նրանց հետաքրքող հարցերին պատասխանելու, ինչը ողջունելի է»,- ասաց Բակո Սահակյանը։ 

Հիշեցնենք՝ այս Արցախում ընտրությունների երկրորդ փուլ են անցել Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Մարտի 31-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով Արայիկ Հարությունյանը հավաքել էր արցախցիների ձայների 49.2տոկոսը, Մասիս Մայիլյանը՝ 26.4 տոկոսը: