Մահացել է Դաքքայի հայկական եկեղեցու վերջին պահապան հայը՝ Մարթինը
Աջակցիր «Ա1+»-ինԲանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի հին հատվածի Արմանիթոլա շրջանում գտնվող հայոց հնագույն եկեղեցիներից մեկում՝ Սուրբ Հարություն հայ առաքելական եկեղեցին վերջին տասնամյակներում պահող միակ հայը՝ Միքայել Հովսեփ Մարտիրոսյանը մահացել է, հաղորդում է «Արեւելքը»:
Մահվան լուրը հաղորդել է նրա ընտանիքը՝ նշելով, որ Դաքքայում արդեն հայ չկար, եկեղեցին վաղուց վանահայր չուներ եւ Մայքլ Ջոզեֆ Մարթինն էր Դաքքայի մեջ ապրող միակ հայը, որ պահում էր եկեղեցին:
Նա ծնվել է 1930-ին՝ Բիրմայում եւ Դաքքա էր գնացել 1942-ին։ 1980-ականներից նա խնամում էր եկեղեցին եւ նրա հարեւանությամբ գտնվող գերեզմանատունը, ուր թաղված են մոտ 400 հայեր։
Հայկական եկեղեցուն մատուցած իր ծառայության համար Ջոզեֆ Մարթինը Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից շքանշան էր ստացել: Նա մահացել է Կանադայում, որտեղ փոխադրվել էր տարիքի եւ հիվանդության բերումով՝ զավակների մոտ լինելու համար:

«Արեւելքը» գրում է նաեւ, որ Դաքքայի Սուրբ Հարություն եկեղեցին կառուցվել է 1781 թվականին Արմանիտոլա շրջանի հայկական փողոցում, գերեզմանատանը կից գտնվող փայտե ժամատան տեղում։ Այն օծել է Եփրեմ եպիսկոպոսը, որ հետագայում դարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Եփրեմ Ա Ձորագեղցի։ Հայերն այստեղ են եկել 17-18 -րդ դարերում և հիմնականում զբաղվել են առևտրով։ Շնորհիվ առևտրի ոլորտում հայերի հաջողությունների, որոնք բարելավում էին պետության տնտեսական վիճակը, Մեծ Մոնղոլների կայսրության ղեկավար Ագբար I Մեծը հայերին թույլ է տվել ազատորեն դավանել իրենց կրոնին։ Տաճարի կառուցման համար գումար է հավաքել Բենգալիայի ամբողջ հայկական համայնքը։ Եկեղեցին կառուցվել է Դաքքայի աշխույժ հայաբնակ շրջաններից մեկում՝ Արմատիոլում:
Բանգլադեշի կառավարությունը եկեղեցին ներառել է երկրի ճարտարապետական հուշարձանների ցանկում։

