«Տաքսու մեջ վարակվելն ավելի հավանական է, քան մետրոյում՝ սոցիալական հեռավորություն պահելու դեպքում» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունը որոշում ընդունեց և 30 օրով երկարձգեց արտակարգ դրությունը։ ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, եթե անհրաժեշտ լինի, կարո՞ղ են ևս 30 օրով երկարաձգել։
Պարոն Մարուքյանն անհրաժեշտ համարեց, որպեսզի մետրոպոլիտենի և հանրային տրանսպորտի գործունեության դադարեցման հարցը վերանայվի, որովհետև այն ոլորտները, որոնք թույլատրված են գործունեություն ծավալել, այդ ոլորտի աշխատող մարդիկ չեն կարող տաքսիով գնալ-գալ։ Բացի այդ, ըստ Մարուքյանի՝ տաքսու մեջ վիրուսով վարակվելն ավելի հավանական է, քան մետրոյում, եթե սոցիալական հեռավորությունն են պահում։
«Պետք է հաշվի առնենք, որ շատ քիչ քաղաքացիներ են այս օրերին գնալու աշխատանքի։ Այսինքն՝ նախկին ծանրաբեռնվածությունը չի լինելու»,- ասաց պարոն Մարուքյանը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց՝ մարդկանց հորդորել են տանը մնալ, և նույնիսկ աշխատանքի չգնալ, բացառությամբ կենսական անհրաժեշտության դեպքերի։
«Նման պնդումը, թե տաքսու մեջ ավելի հավանական է վարակվելը, քան հանրային տրանսպորտում, վիճարկելի է, որովհետև հանրային տրանսպորտում՝ մանավանդ գազելներում միաժամանակ շատ մարդիկ են գտնվում և օգտվում են նույն բռնակներից։ Աշխարհում դեռևս վերջնական վերլուծություն չկա, թե վարակի տարածման հնարավոր աղբյուրները որոնք են։ Նախնական տվյալներով՝ վարակի տարածման ամենահավանական աղբյուրները եղել են օրինակ՝ բենզալցակայանները, որտեղ անձինք իրենք են բենզինը լցրել, հանրային տրանսպորտում բռնակներից օգտվելը և այլն »,- նկատեց փոխվարչապետը։ Տիգրան Ավինյանը, հարցին, թե կարո՞ղ են ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրությունը, ասաց՝ ոչ։ Կառավարության անդամները՝ Ռուստամ Բադասյանն ու Արսեն Թորոսյանը տեղից բարձրաձայնեցին՝ կարող են երկարաձգել։ Էդմոն Մարուքյանն արձագանքեց՝ Կառավարութան մեկնաբանությունը իրավական որևէ հենք չունի։
Մանրամասները՝ տեսանյութում։