Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Լացս գալիս է»․ հոգեւոր կենտրոնում եկեղեցիները չբացվեցին հավատացյալների առաջ (տեսանյութ)

Հայաստանի հոգեւոր կենտրոնը Ս. Զատկի ճրագալույցին երբեք այդքան սակավամարդ չէր եղել։  Կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված սահմանափակումները  հավատացյալներին զրկել էին պատարագին մասնակցությունից, նույնիսկ եթե պահք էին պահել եւ հաղորդություն պետք է ստանային։  Եկեղեցի մտնել չէր թույլատրվում․այցելուների համար դրանք փակ էին։

« Լացս գալիս է, որ եկեղեցին գնացի, փակ էր»,- ասաց տարեց մի տղամարդ։  

Այն ժամին, երբ  ճարագալույցի պատարագն էր, Էջմիածնի բնակիչներից մեկն իր պատշգամբում բարձրախոսներ էր միացրել,  եւ  քաղաքի կենտրոնական հատվածը լսում էր այն։

 Հիշեցնենք, որ  Մայր Աթոռը որոշում է կայացրել Սուրբ պատարագներն անցկացնել դռնփակ, առանց հավատացյալների ներկայության։

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորել  է հավատացյալներին պահքը լուծել ապրիլի 11-ին՝ Ճրագալույցի Ս․ Պատարագից հետո, և, առավելագույն պատասխանատվությամբ պահպանելով ինքնամեկուսացման սահմանված կանոնները, հաջորդող օրերին առանձնաբար այցելել եկեղեցիներ և հոգևոր հովիվներից ստանալ Սուրբ Հաղորդություն։