Պետք է արդյո՞ք Հանրային ՀԸ-ին կոմերցիոն գովազդի հնարավորություն տալ. նախագիծը քննարկվեց ԱԺ-ում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հարցերի հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում էր Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որոնցով առաջարկվում է առևտրային գովազդ տեղադրելու հնարավորություն տալ Հանրային հեռուստատեսությանը՝ մեկ եթերաժամի ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ, բացի այդ պահպանվելու է նաև մշակութային, սպորտային, գիտամշակութային հաղորդումների ժամանակ՝ մինչև 2,5 տոկոս տևողությամբ հովանավորների վերաբերյալ տեղեկատվության նշումը։
Նախագիծը կարգավորում է նաև սոցիալական գովազդի հարցը: Այն կարող է տեղադրվել ինչպես անվճար, այնպես էլ վճարովի հիմունքներով, ընդ որում, սոցիալական գովազդն անվճար կլինի 00։00-ից մինչև 18։00-ն, իսկ 18։00-ից մինչև 00։00-ն՝ կլինի վճարովի հիմունքներով:
Նախագիծը զեկուցեց ՀՀ Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։
Նրա պնդմամբ՝ վճարովի գովազդը լրացուցիչ ֆիանանսական հոսքեր կապահովի, ինչը թույլ կտա Հանրային հեռուստաընկերությանը տեխնիկական վերազինման և եթերացանցի վերանայման հարցը լուծել։
Փոխնախարարի խոսքով՝ այս փոփոխություններով հանրայինի համար նաև հավասար պայմաններ են ստեղծվում այլ հեռուստաընկերությունների հետ, որովհետև, երբ 2014 թվականին ընդունված օրենքով արգելվել է Հանրային հեռուստաընկերության կողմից գովազդների իրականացումը, այդ գովազդները տեղադրվել են այլ հեռուստաընկերություններում։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հիշեցրեց, որ 2018 թվականին Հանրային ՀԸ-ում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այնտեղ մոտ 2 միլիարդ դրամի չարաշահումներ են եղել:
Տոնոյանը նաև հարցրեց՝ արդյո՞ք այս փոփոխության ընդունումից հետո պետբյուջեից արվող հատկացումները Հանրային ՀԸ-ին վերանայվելու են թե ոչ, որովհետև հավասար հնարավորությունների մասին խոսելիս մասնավոր հեռուստաընկերություններն, ի տարբերություն Հանրայինի՝ չեն ստանում մոտ 1 միլիոն 200 000 ԱՄՆ դոլար պետբյուջեից։
Դանիելյանն ասաց, որ այս պահին նման քննարկում չկա՝ պետբյուջեից գումարների վերանայման հետ կապված, սա կախված է նրանից, թե գովազդներից որքան գումար կգոյանա:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ևս ընդգծեց, որ եթե խոսվում է հավասար հնարավորությունների մասին, ապա մասնավոր հեռուստաընկերությունների պարագայում պետբյուջեից հատկացումներ չեն արվում, մինչդեռ մասնավորը ևս հարկատու է պետությանը:
Երկար քննարկումներից հետո հանձնաժողովն ընդունեց նախագծին եզրակացություն տալու հարցը: