Հանրային խորհուրդն անդրադարձել է հանձնաժողովի անդամի ֆեյսբուքյան գրառմանը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Հանրային խորհրդի պաշտոնական պարզաբանումը ՀԽ բնապահպանական հարցերի հանձնաժողովի անդամ Աշոտ Միրզոյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ:
«ՀՀ Հանրային խորհրդի գրասենյակն ու ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը վաղ առավոտից ստանում են հարցումներ՝ ՀԽ բնապահպանական հարցերի հանձնաժողովի անդամ Աշոտ Միրզոյանի` ֆեյսբուքյան էջում արված գրառման վերաբերյալ: Հանրային խորհուրդը դատապարտում է բռնությունն արդարացնող կոչերը և պաշտոնապես հայտնում, որ ՀԽ անդամների և/կամ հանձնաժողովների անդամների որևէ հայտարարություն, կոչ, ուղերձ, գրառում կամ կարծիք չի կարող վերագրվել Հանրային խորհրդին, քանի դեռ տվյալ հայտարարությունը չի հաստատվել խորհրդի կամ հանձնաժողովի նիստում և չի արտահայտում բացարձակ մեծամասնության կարծիքն ու մոտեցումները:
Այնուհանդերձ, ՀԽ հանձնաժողովի անդամի կողմից այսպիսի բովանդակությամբ տեքստերի տարածումը կունենա համապատասխան արձագանք Հանրային խորհրդի կողմից և հաշվի առնելով Ա. Միրզոյանի՝ որպես ՀԽ անդամակցող անձի՝ իրավական նորմերին և էթիկական մի շարք սկզբունքներին հակասող հանրային անընդունելի վարքի դրսևորումը, ՀԽ առաջիկա նիստում պարտադիր քննարկման կդրվի հանձնաժողովում նրա հետագա անդամակցության հարցը:
Լրատվամիջոցների մեր գործընկերներից ակնկալում ենք համագործակցություն՝ ՀԽ անդամների և ՀԽ հանձնաժողովների և ենթահանձնաժողովների մի քանի հարյուր անդամների անձնական կարծիքները ներկայացնելիս ՀՀ Հանրային խորհուրդը վկայակոչելուց զերծ մնալու հարցում: Որևէ իրադարձության, խնդրի, հարցի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում կարող է հրապարակվել բացառապես պաշտոնական աղբյուրներով՝ publiccouncil.am կայք և ՀԽ ֆեյսբուքյան էջ: ՀԽ գրասենյակը մշտապես հասանելի է բաց աղբյուրներով հրապարակված կապի բոլոր միջոցներով և պատրաստակամ է հնարավորինս սեղմ ժամկետում արձագանքել լրագրողների հարցերին, ըստ անհրաժեշտության՝ տալ մեկնաբանություններ»։
Հիշեցնենք, որ ՀԽ բնապահպանական հարցերի հանձնաժողովի անդամ Աշոտ Միրզոյանի ֆեյսբուքյան գրառումը բուռն քննարկում է առաջացրել սոցկայքերում։ Վերջինս անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած դաժան դեպքին՝ վիրավորական արտահայտություններ հնչեցնելով ծեծի արդյունքում մահացած կնոջ հասցեին։