Ահազանգ եմ ստացել Արծվանիկի պոչաբարի վերաբերյալ, մարդիկ թունավորվում են․Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ահազանգ է ստացել Արծվանիկի պոչաբարի վերաբերյալ։ Այս մասին պատգամավորն ասաց ԱԺ Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինակայնությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։
«Թունավոր թափոնների առումով Արծվանիկն ամենառիսկային պոչամբարն է։ Հասկանում եմ, որ կոմբինատը ընտանիքներին փոխհատուցում է, բայց այնտեղ հողերը բերրի չեն։ Հիմա մարդիկ թունավորվում են, ինձ ահազանգեցին, որ առողջական խնդիրներ կան, երեխաները լուրջ խնդիրներով են ծնվում։ Լավ, էդ տուգանքները վճարեցին, տուգանքով մարդկանց առողջությունը վերականգնելո՞ւ ենք, տուգանքով էդ հողերը, որոնք «Չենոբիլի» են վերածվել, վերականգնվելո՞ւ են։ Այլ մեխանիզմ կա՞ նման երևույթները կասեցնելու համար, որովհետև տուգանքը տվեցինք, այն գնալու է պետական բյուջե, դրանցից ի՞նչ է շահելու գյուղացին»,- նկատեց Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորի հարցին ի պատասխան՝ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ստիպված եղավ կրկնել, որ «աղտոտիր, վճարիր» սկզբունքով քաղաքականությունը փոխվում է։
«Խոսքն այն մասին չէ, թե ինչ տուգանգ պետք է վճարվի, այլ ինչպես պետք է կանխարգելվի, հետո վերականգնվի»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ Արծվանիկի հետ կապված 2008-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 12, 5 մլն տոննա հանքաքար մշակելու համար հողերրը ստացել էր, իսկ հետո էլ 22 մլն տոննա հանքաքար մշակման համար։
«Այդ հողերը հանրային գերակա շահ համարվելով՝ տրամադրվել են, և փոխհատուցումներ են եղել։ Մեզ դիմել է Զանգեզուրի կոմբինատը ծավալները մեծացնելու վերաբերյալ, որը մեր կողմից մերժվել է։ Ոչ միայն մերժվել է, այլև նախկինում, երբ անտառային հողեր էին տրվել, չէր պահպանվել այն կարգը, որը պետք է լիներ, և հիմա պետք է կրկնակի վերականգնվի։ Հիմա 35 հա անտառային տարածք կա, որի շրջանակում Զանգեզուրը պարտավորություն ունի՝ 70 հա անտառ ձևավորվի»,- ասաց Էրիկ Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։