Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Տպավորություն է, որ իշխանությունը համերաշխ է բոլորի հետ` բացի ընդդիմությունից․ Մարուքյան (տեսանյութ)

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով հանրաքվեի քարոզարշավին, նշեց, որ չի կարող ասել՝ ինչ վտանգ կա հանրաքվեի հետ կապված, որովհետև հայտարարել են, որ որևէ կերպ չեն մասնակցելու քարոզարշավին։

Մարուքյանը նշեց, որ ոչ մի ձևով ոչ մի բանի չեն մասնակցում, միայն արձագանքում են իրենց հետ կապված երևույթներին։ Որպես օրինակ Մարուքյանը մատնանշեց «Այո»-ի շտաբը, որի վրա գրված է ԼՀԿ, և գանգ էր պատկերված, Մարուքյանը հույս հայտնեց, որ  գանգի նկարով պաստառը հանել են։

Նշեց, որ ընթացքին չեն հետևում, հետևաբար՝ խախտումներ արձանագրել չեն կարող։

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի այն հայտարարությանը, թե ընդդիմությանը ոչ միայն ֆեյքերը չեն սիրում, այլ նաև իրական ժողովուրդը, Մարուքյանն ասաց՝ պարտադիր չէ, որ մարդիկ ընդդիմությանը սիրեն, կարևոր է, որ վստահեն։ 

ԼՀԿ խմաբակցության ղեկավարը չժխտեց, որ իշխանությունն ունի բարձր վարկանիշ, միևնույն ժամանակ հավելեց, որ կան մարդիկ, ովքեր ինչ-որ բաների հետ համաձայն չեն, իրենք այդ մարդկանց են ներկայացնում։ 

Նախորդ շաբաթ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ծրարներով փող ստացող նախարարների վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» և Նիկոլ Փաշինյանի միջև հարցուպատասխան էր եղել։

Անդրադառնալով այս հարցին՝ Մանե Թանդիլյանն ասաց, որ   շարունակում է խորապես համոզված մնալ, որ վարչապետի մակարդակով պետական կառույցներում դավաճանների և ծրարով աշխատավարձերի մասին  հայտարարությունները չեն կարող ուղղակի հայտարարություն լինել

«Նմանատիպ հայտարարությունները պետք է լուրջ քննության առարկա դառնան՝ պաշտոնապես հերքվելով կամ հաստատվելով։ Որովհետև այսօր կառավարությունում կան նախարարներ, ովքեր նախկին կառավարության նախկին նախարարներ են, վարչապետը որպես գործատու իր նախարարին արդյոք նման հարց ուղղե՞լ է, ես դա եմ փորձում բացատրել, որքանով է վարչապետը անում հիմնավոր հայտարաություններ։ Այո՛, անհրաժեշտ է այս հայտարարությունների հետքերով գնալ՝ կամ հաստատել կամ հերքել»։

Թանդիլյանի պնմամբ՝  «դավաճան» եզրույթը պետական անվտանգության հարց է, հետևաբար , ըստ նրա՝ այս հայտարարությունների հետքերով պետք է գնալ և անորոշությունների խնդրը լուծել։

Թանդիլյանը նշեց, որ կհետևի, նաև հարցում կուղարկի՝ պարզելու՝ հայտնաբերվե՞ց որևէ ծրարով գումար ստացած նախարար, թե ոչ։

Խնդրին անդրադարձավ նաև Էդմոն Մարուքյանը․

«Ջանջուղազյանը ծրարով փող ստացե՞լ է, թե՞ ոչ։ Եթե վարչապետը  չի հարցրել, ինչո՞ւ է նման բան հայտարարում, ընդ որում, իր կողքը մարդ կա, այդ մարդուն չի հարցնում՝ դու ծրարով փող ստացե՞լ ես, թե չէ։ Հարց՝ եթե Ջանջուղազյանը չի ստացել ծրարով փող, կարո՞ղ է տեսել է՝ ո՞վ է ստացել։ Եվ երրորդ հարցը՝ եթե չի տեսել, կարո՞ղ է լսել է, թե իրենց կաբինետից ով է ծրարով փող ստանում, որովհետև հայտարարությունը եղել է հետևյալը՝ Սերժ Սարգսյանի ժամանած ծրարներով փող են ստացել, հիմա այդ ծրարներով փող ստացողների մի մասը հեղափոխության կառավարության մեջ են»։

Ըստ Մարուքյանի ՝ տպավորություն է, որ իշխանությունը համերաշխ է բոլորի հետ՝ բացի ընդդիմությունից։