Սերժ Սարգսյանին մաղթում եմ շուրջերկրյա ճանապարհորդություն, քանի դեռ այդ հնարավորությունն ունի․ Սիսակ Գաբրիելյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ ճեպազրույցների ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, պատասխանելով հարցին, թե ովքե՞ր են վարչապետի հայտարարած դավաճանները իրավապահ համակարգում, և իշխանություններն ինչո՞ւ են միայն սահմանափակվում միայն հայտարարություններով, նշեց․
«Ձեր կարծիքով, օրինակ, կաշառակերության մեջ մեղադրվող բարձրաստիճան պաշտոնյան դավաճանություն գործե՞լ է, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ այո, որովհետև ինքը քաղաքական սկզբունքներին է դավաճանել։ Դուք նշում եք քրեական օրենսդրությունը, այն պետական դավաճանության համար է պատիժ նախատեսում, բայց այստեղ խոսքը կարող է գնալ սկզբունքներին դավաճանելու մասին, մի բանի վրա աչք փակելը, հանցագործությունները կոծկելը և այն, որ նույնպես քրեորեն պատժելի է, բայց ոչ պետական դավաճանության մակարդակով։ Կարծում եմ՝ լավագույն ապացույցն այն է, որ պետական համակարգում եղել են սկզբունքներին դավաճանողներ։ Եթե դուք տեսնեք հարուցված քրեական գործերը, իհարկե անմեղության կանխավարկածը պահելով՝ այսօր ունենք փոխնախարար կալանավորված, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ով արդեն իսկ ընդունել է իր մեղքը, և ես էլ եմ կարծում, որ եթե գնացել են կոռուպցիոն գործարքներով, ապա դավաճանություն են գործել»,-նշեց Սիսակ Գաբրիելյանը։
Ճշտող հարցին, թե խոսքը իրավապահ համակարգի դավաճանների մասին է, ովքե՞ր են նրանք, Գաբրիելյանն արձագանքեց․
«Եթե դուք մի փոքր հետ գնաք և տեսնեք, թե որքան բարձրաստիճան պաշտոնատար անձ է փոխարինվել իրավապահ համակարգում, դուք ձեր հարցի պատասխանը կգտնեք։ Իրավական համակարգում դավաճանություն եղել է, և որպես սանկցիա եղել է նրա՝ պաշտոնից ազատումը»։
ԻՆչ վերաբերում է Սերժ Սարգսյանի` Բրյուսել կատարած այցին և հարցադրմանը, թե ինչպե՞ս և ի՞նչ ձևաչափով է անցել հանդիպումը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը պատասխանեց հարցով՝ իսկ իրենք պետք է սահմաննե՞րը փակեն մերժված քաղաքական գործիչների առաջ:
«Իսկ ի՞նչ է՝ մենք պետք է սահմանները փակենք և ասենք, որ մերժված քաղաքական գործիչները իրավունք չունե՞ն լքել Հայաստանի Հանրապետությունը: Մի քիչ տրամաբանական չի լինի, եթե անձը որևէ սահմանափակում չի ունեցել, դա արդեն հանդիպող կողմերի կամքի վրա է, ոչ գործիքակազմ ունենք, ոչ ցանկություն՝ դրան միջամտելու»,- նշեց պատգամավորը:
Պատասխանելով երրորդ նախագահին առնչվող հարցին՝ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ հավելեց. «Ես Սերժ Սարգսյանին մաղթում եմ շուրջերկրյա ճանապարհորդություն, քանի դեռ այսօր նա այդ հնարավորությունն ունի»:
Ինչ վերաբերում է Արամ Վարդանյանի (Վստրեչի ապեր) տանն իրականցրած գործողություններին, Սիսակ Գաբրիելյանը արձագանքեց, թե «եկեք ուրեմն այսուհետ օրենքը փոխենք և օպերատիվ գործողություններ իրականացնելուց առաջ ծանուցենք».
«Իրավապահ մարմինները գուցե տիրապետել են որոշակի ինֆորմացիայի։ Որքանով տեղյակ եմ, Արամ Վարդանյանը ոչ բիզնեսմեն է եղել, ոչ պաշտոնյա, ինձ մոտ այդ տեսանյութը դիտելիս հարց առաջացավ՝ որտեղից այս մարդուն միլիոնավոր կարողություններ»։
Ինչ վերաբերում է հանրաքվեին, Սիսակ Գաբրիելյանը հերքում է, որ հանրաքվեի վերաբերյալ հասարակության իրազեկվածությունը ցածր է, նաև վստահեցնում է՝ մեծամասնությունը հակված է «Այո»-ի տարբերակին։
«Մեր գործընկերներին, հատկապես՝ ընդդիմադիր, խորհուրդ կտամ ելնել Ֆեյսբուքից և տեսնել, որ այս երկրում ոչ միայն ֆեյքերն են իրենց հայհոյում կամ չեն սիրում, այլ նաև իրական քաղաքացիները»։